Մայիսի 23-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանում օտարերկրյա և միջազգային անցանկալի կազմակերպությունների մասին օրենքը:
Օրենքի համաձայն՝ անցանկալի կարող է ճանաչվել օտարերկրյա կամ միջազգային ոչ կառավարական այն կազմակերպությունը, որը սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի սահմանադրական կարգին, երկրի պաշտպանունակությանն ու պետության անվտանգությանը:
Օրենքը գլխավոր դատախազին կամ նրա տեղակալներին իրավունք է տալիս արգելել անցանկալի կազմակերպություններին ծրագրեր կամ նախագծեր իրականացնել Ռուսաստանի տարածքում: Դա պետք է արվի ԱԳՆ-ի հետ համաձայնեցված: Նախատեսվում է նաև կազմակերպությունները անցանկալիների ցանկից հանելու հնարավորություն:
Ռուսաստանում ընդունված օրենքը քննադատության է ենթարկվել Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից:
Ռուսաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասն ասել է, որ դա քայլ է սխալ ուղղությամբ, որ «օրենքը խորացնում է վախի և կասկածամտության մթնոլորտը Ռուսաստանում»:
Քննադատական հայտարարություն է հնչեցրել նաև ԱՄՆ-ը: Սպիտակ տան խոսնակ Մարի Հարֆը հայտարարել է, որ օրենքը կոչված է է՛լ ավելի սահմանափակել Ռուսաստանում քաղաքացիական հասարակության գործունեությունը և կարող է «հանգեցնել մնացած աշխարհից ռուսաստանցիների է՛լ ավելի մեծ մեկուսացման»:
Civilnet











