«Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամը պտղատու ծառեր է տրամադրում Արցախում բնակվող սիրիահայ փախստականներին: Ըստ կազմակերպության մամուլի հաղորդագրության՝ Քաշաթաղի շրջանում պտղատու ծառեր են տրամադրվել 200 ընտանիքի, այդ թվում՝ սիրիահայերին:
Արցախի Քաշաթաղի շրջանում ներկայում բնակվում է ծագումով Քեսաբից և Կամիշլիից 34 սիրիահայ ընտանիք, որոնցից շատերը մեծ փորձ ունեն հողագործության ոլորտում։ Քաշաթաղի շրջանի և Արցախ տեղափոխված սիրիահայերի նախկին բնակավայրերի կլիման և հողը նույնատիպ են, ինչն էլ հնարավոր է դարձնում ապահովել նրանց զբաղվածությունը գյուղատնտեսության ոլորտում: Ըստ «Էյ Թի Փի»-ի՝ Կովսականում, Բերձորում և Իշխանաձորում սիրիահայերին տրամադրվել են փոխառություններ՝ տուն և հող ձեռք բերելու համար։
«Էյ-Թի-Փի»-ի նպատակներից է ծառատունկի միջոցով աշխատատեղեր ստեղծելով՝ պայքարել աղքատության դեմ» – ասել է բարեգործական հիմնադրամի տնօրեն Լուսինե Քասարջյանը և հավելել, որ հիմնադրամը ուսուցողական դասըթացներ է իրականացնում տրամադրված ծառերի տնկման և խնամքի վերաբերյալ:
Փախստականներն այժմ մշակում են «Էյ-Թի-Փի»-ի տնկարաններից ստացած պտղատու ծառերը և նախաձեռնել են ձիթենիների և նարնջի ծառերի մշակման ծրագրեր։
***
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի առաքելությունն է ծառատունկի միջոցով աջակցել հայ ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը, ինչպես նաև նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը:
2011թ. Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 200 հազ. մարդ, բնակչության մեկ երրորդից ավելին տեղահանված է, ավելի քան 3 մլն-ը դարձել է փախստական: Բազմաթիվ սիրիահայ ընտանիքներ ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում: Ներկայում Հայաստանում բնակվում է մոտ 12 հազ. սիրիահայ:
Civilnet











