Ռուսատանն ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, հուսով ենք` իրադրությունն առաջիկայում կկարգավորվի` համապատասխան օրենքի, հունիսի 23-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցն է, մեզ Հայաստանի, հայ ժողովրդի հետ միավորում են պատմական կապեր: Իհարկե, մենք շատ ուշադիր հետևում ենք այնտեղ տեղի ունեցողին և անկասկած հույս ունենք, որ առաջիկայում այդ իրադրությունը կկարգավորվի` օրենքի տառին համապատասխան, և օրենքի որևէ խախտում չի գրանցվի,- ասել է Պեսկովը, որի խոսքը մեջբերում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը:
***
Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշման մասին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:
Բողոքի ցույցերի մասին
Ուրբաթ՝ հունիսի 19-ի երեկոյան, Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրահավաք հրավիրեց, որը արդյունքում վերածվեց եռօրյա նստացույցի: Ցուցարարները վերջնագիր ներկայացրին իշխանություններին՝ մինչև երկուշաբթի երեկոյան չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը: Երկուշաբթի՝ հունիսի 22-ի երեկոյան, ցուցարարները Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Բաղրամյան փողոցի սկզբնամասում նրանք հանդիպեցին ոստիկանական ամուր պատնեշի: Լուսադեմին ոստիկանությունը ուժի գործադրմամբ և ջրցան մեքենաներով ցրեց ցույցը՝ բերման ենթարկելով 237 քաղաքացու:
Հունիսի 23-ի երեկոյան Ազատության հրապարակում կրկին հավաքվեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները: Երկար տատանումներից հետո նրանք կրկին շարժվեցին դեպի Բաղրամյան 26 և փողոցի սկզբնամասում կրկին հանդիպեցին ոստիկանական պատնեշի:
Այս անգամ ոստիկանությունը խուսափեց ուժ կիրառելուց: Բռնությունը թույլ չտալու համար ոստիկանության և ցուցարարների միջև մարդկային պատ կազմելու եկան ԱԺ պատգամավորներ, մշակութային ու հանրային դեմքեր:
Ներկայում Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիան շարունակվում է: Ցուցարների մի մասը գիշերել է այնտեղ: Իրադրությունը ներկայում հանդարտ է: Ցուցարարները երկու շարք աղբամաններով բարիկադներ են կառուցել: Բարիկադներից մոտ 20 մ հեռավորության վրա ոստիկանության ուժերն են` մի քանի շարքով: Նրանց հետևում փշալարեր են, ջրցան մեքենա:
Civilnet











