Գլխավոր Լրահոս

Եվրոգոտու առաջնորդները համաձայնության են հասել Հունաստանին օգնություն տրամադրելու հարցում

Եվրոգոտու առաջնորդները համաձայնության են հասել Հունաստանին օգնություն տրամադրելու հարցում

Եվրոգոտու երկրների առաջնորդները Հունաստանի ճգնաժամին նվիրված արտահերթ գագաթաժողովին նոր համաձայնության են հասել: Այս մասին առաջին հաղորդումները տեղ են գտել Բրյուսելում անցկացվող գագաթաժողովի մասնակիցների Թվիթերի թջերում:

«Համաձայնություն»,- գրել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:

 

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն էլ տեղեկացրել է, որ միաձայն համաձայնություն է կայացվել Հունաստանին Եվրոպական կայունացման մեխանիզմի (European Stability Mechanism, ESM – եվրոգոտու երկրների ֆինանսական կայունացման մշտապես գործող հիմնադրամի) շրջանակում ֆինանսական օգնություն տրամադրելու, ինչպես նաև Հունաստանում լուրջ բարեփոխումներ իրականացնելու հարցում:

«Եվրագագաթաժողովը միաձայն համաձայնության հասավ: Ամեն ինչ պատրաստ է ESM ծրագրի համար` զուգորդված լուրջ բարեփոխումներով և ֆինանսական օգնությամբ»,- գրել է Տուսկը Թվիթերում:

«Մեզ հաջողվեց խուսափել Grexit-ից [Հունաստանի ելքը եվրոգոտուց]»,- Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Ինչպես հաղորդում է BBC-ն, վերլուծաբանների մեծ մասը կանխատեսում էր, որ բրյուսելյան գագաթաժողովի ձախողումը կնշանակի Հունաստանի ելքը եվրոգոտուց:

Յունկերը նաև տեղեկացրել է, որ գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են, որ մինչև հուլիսի 15-ը նոր համաձայնագրին պետք է հավանություն տա Հունաստանի խորհրդարանը: Այնուհետ Հունաստանի ֆինանսական օգնության նոր փաթեթին պետք է հավանություն տան եվրոգոտու ևս մի շարք երկրների խորհրդարաններ, այդ թվում` Բունդեսթագը:

«Ես վստահ եմ, որ Հունաստանի խորհրդարանը կկարողանա հավանություն տալ այս բոլոր որոշումներին, որոնք այսօր ձեռք են բերվել»,- ասել է Ժան-Կլոդ Յունկերը:

«Իրադրությունը Հունաստանում շատ լարված է, Հունաստանի շահերից է բխում այս բոլոր քայլերը կատարելը: Ես պատճառ չունեմ կասկածելու ընդունված ծրագրի հարցում, օրենքներն արդեն պատրաստ են: Կարծում եմ` վստահությունը կարող է վերականգնվել»,- հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը` պատասխանելով հարցին, թե կվավերացնի արդյոք Հունաստանի խորհրդարանը գագաթաժողովին համաձայնեցված բարեփոխումների ծրագիրը:

«Մենք միշտ խոսել ենք այս մասին որպես ծրագիր` նախատեստված երեք տարվա համար: Այդ ընթացքում պետք է իրականացվեն լուրջ փոփոխություններ, կենսաթոշակային համակարգի լիակատար բարեփոխում, սեփականաշնորհում և աշխատաշուկայի բարեփոխում»,- նշել է Մերկելը:

Նրա խոսքով` հունական բանկերի վերակապիտալավորման համար կհատկացվի 25 մլրդ եվրո: Արդյունքում բանկերը կսեփականաշնորհվեն: Այդ գումարները կծախսվեն միջազգային վարկատուների հսկողության ներքո:

«Սա ծանր պայքար էր, այժմ մեզ բարդ որոշումներ են սպասվում,- հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: -  Մենք պատասխանատվություն ենք ստանձնել այդ որոշումների համար, որպեսզի կանխենք Եվրոպայի պահպանողական շրջանների ամենածայրահեղ ծրագրերի իրանակացումը»:

«Մեզ հաջողվեց վերակառուցել պարտքը և ապահովել միջնաժամկետ ֆինանասավորում: Հունաստանը կշարունակի պայքարը, որպեսզի ունենա հնարավորություն` վերադականգնելու աճը»,- ասել է Ցիպրասը:

Եվրոգոտու երկրների առաջնորդները գրեթե ամբողջ գիշեր` 17 ժամ, Բրյուսելում վարել էին լարված բանակցություններ` փորձելով համաձայնեցնել Հունաստանին հետագա վարկեր տրամադրելու պայմանները:

Առանց նոր, խոշոր վարկերի հունական բանկերը կարող են սնանկանալ, իսկ Հունաստանը կհայտնվի եվրոգոտին լքելու սահմանագծին:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եվրոգոտու ղեկավարությանը ներկայացրել էր առաջարկություններ, որոնք հաշվի են առնում Եվրամիության շատ պահանջներ, սակայն ԵՄ-ում անվստահություն կար այդ առաջարկությունների նկատմամբ, քանի որ առաջնորդներից շատերը, նախևառաջ` Անգելա Մերկելը, պահանջում էին երաշխավորել խոստացված բարեփոխումների իրականացումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում