«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Forbes ամսագրի ռուսական տարբերակի «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները-2016» վարկանիշում զբաղեցրել է երրորդ տեղը:
Ամսագրի ցանկում ընդգրկված են Ռուսաստանի տարածքում գտնվող առևտրային անշարժ գույքի տեղացի և արտասահմանցի սեփականատերեր:
Ըստ վարկանիշի՝ անշարժ գույքի վարձակալությունից Սամվել Կարապետյանի ստացած եկամուտը կազմել է 610 մլն դոլար: Անցած տարվա վարկանիշում Սամվել Կարապետյանը երկրորդ հորիզոնականն էր զբաղեցնում` անշարժ գույքի վարձակալությունից ստացած 1,08 մլրդ դոլար եկամտով:
Հանդեսը նշում է, որ Մոսկվայում գործարարին են պատկանում «ՌԻՈ» (105 հազ. քմ) առևտրային կենտրոնը, Novotel Moscow City հյուրանոցը (360 համար):
Նշվում է, որ ընդհանուր առմամբ Սամվել Կարապետյանին է պատկանում 925,3 հազ. քմ առևտրային, 48,4 հազ. քմ գրասենյակային, 48 հազ. քմ պահեստային տարածքներ, 1157 հյուրանոցային համար։
«Ռուսաստանի անշարժ գույքի արքաները-2016» վարկանիշում ազգությամբ հայ այլ գործարարներ ներառված չեն:
Ցանկի առաջատարը «Կիևյան հրապարակ» ընկերությունների խմբի սեփականատերեր Զարախ Իլիևն ու Գոդ Նիսանովն են: 2015թ. անշարժ գույքի վարձակալությունից գործարարների ստացած եկամուտը կազմել է 1,1 մլրդ դոլար: Երկրորդ հորիզոնականում է «ԻԿԵԱ Մոս» ընկերության սեփականատեր Ինգվար Կամպրադը` 680 մլն դոլար եկամտով:
Forbes-ը նշում է, որ Ռուսաստանի անշարժ գույքի 30 արքաների ընդհանուր եկամուտը մեկ տարվա ընթացքում նվազել է 25%-ով, ինչը ռեկորդային ցուցանիշ է հանդեսի այս վարկանիշի հրապարակման բոլոր տարիների ընթացքում:
Civilnet











