Հայ բարեգործական ընդհանուր միությունը 2012թ. սկսած` 3.2 մլն դոլար է հավաքագրել` ի աջակցություն ՀԲԸՄ-ի` Սիրիայում և Սիրիայից դուրս նոր կյանք սկսող հայերի համար գործող մարդասիրական օգնության հիմնադրամի:
Ինչպես նշված է ՀԲԸՄ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, նվիրատվություններն օգնել են մատակարարել սնունդ, մատուցել բժշկական ծառայություններ, առաջարկել կրթական և երեխաների համար նախատեսված ծրագրեր, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել վերաբնակեցման հարցում: Անհապաղ օգնություն է ցուցաբերվել ավելի քան 3000 ընտանիքի Սիրիայում, ներառյալ` հացահատկեղենի, ձեթի, մսի, ձվի, կաթի և մանկական սննդի փաթեթներ, հայ վիրավորներին տրամադրվել է բժշկական օգնություն, Հայաստանում սովորող մոտ 400 սիրիահայ ուսանողի տրամադրվել է ուսման վարձի փոխհատուցման դրամաշնորհ, ամբողջական դրամաշնորհներ են տրամադրվել Լիբանանում և Մոնրեալում ՀԲԸՄ-ի դպրոցներում սովորող ուսանողներին:
ՀԲԸՄ-ում նշում են, որ իրենց օգնության ջանքերի առանցքում #IcareICan (Ես մտագոհ եմ տանում, ես կարող եմ) արշավն է, որը խրախուսում է գաղափարը, որ անգամ ամենափոքր նախաձեռնությունը կարող է հանգեցնել մեծ փոփոխության:
Արշավը, սկիզբ առնելով ՀԲԸՄ սոցիալական մեդիայի հարթակներում, միության անդամներին ոգեշնչել է ուրույն ձևով իրենց ներդրումն ունենալ սիրիահայերի օգնության դրամահավաքում: Արշավի բոլոր մասնակիցները պետք է լուսանկարվեն` ձեռքներին ցուցանակ, որի վրա գրված է #IcareICan, և տեղադրեն այն Facebook-ի, Twitter-ի կամ Instagram-ի իրենց էջում` բացատրելով, թե ինչ են արել` ի նպաստ առաքելության: ՀԲԸՄ-ում նշում են, որ ներդրումները տատանվել են սուրճի վրա ծախսվող գումարը նվիրաբերելուց մինչև համայնքային դրամահավաք-երեկոների կազմակերպում:
Այդպիսի մի օրինակ է ՀԲԸՄ-ի` անցյալ տարվա նոյեմբերի 28-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կազմակերպած դրամահավաք-երեկոն: Միջոցառմանը, որի ընթացքում ստացված բոլոր եկամուտներն ուղղվել են սիրիահայերի օգնությանը, ներկա են եղել Բուլղարիայի փոխարտգործնախարար Հրիստո Անգելիչինը, Բուլղարիայում Հայաստանի դեսպն Արսեն Սհոյանը, Բուլղարիայում Սիրիայի դեսպան Նադրա Սայաֆը, ՀԲԸՄ-ի բազմաթիվ աջակիցներ: Գումարները հավաքվել են բուլղարահայ նկարիչների գործերը աճուրդի դնելու և ոսկերչական զարդեր վաճառելու միջոցով:
ՀԲԸՄ-ն ստեղծվել է 1906թ.: Այն աշխարհի ամենամեծ հայկական բարեգործական կազմակերպությունն է:
Civilnet











