Ապրիլի 7-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այցի շրջանակում նախատեսվում են ՌԴ վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Ապրիլի 7-ին կառավարությունում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների առանձնազրույցը, ապա՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը և մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման արարողությունը:
Հաջորդիվ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ:
Civilnet











