Կառավարության ` ապրիլի 15-ին կայանալիք նիստում քննարկվելու է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի դրույթներն իրականացնելու հարցը:
Համաձայն որոշման նախագծի` ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվելու է իրականացնել վերահսկողություն համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների նկատմամբ: Պաշտպանության նախարարին կհանձնարարվվի հստակեցնել ՀՀ-ին մատակարարվող ժամանակակից սպառազինության ու ռազմատեխնիկայի անվանացանկը, ՌԴ համապատասխան մարմինների հետ քննարկել ու ստորագրել վարկի շրջանակներում ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալներն ու ժամկետները:
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 200 մլն դոլարի պետական արտահանման վարկի տրամադրման մասին պայմանագիրը կնքվել է 2015թ. հունիսի 26-ին` ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին: ՀՀ Ազգային ժողովը այն վավերացրել է անցյալ տարվա հուլիսի 12-ին:
Վարկը տրամադրվում է տաս տարի ժամկետով:
Այս տարվա փետրվարի 18-ին Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալը հրապարակել էր համաձայնագիրը, ըստ որի` Հայաստանը Ռուսաստանից գնելու է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայաններ, ՏՕՍ-1Ա ծանր հրանետ համակարգեր, «Իգլա-Ս» համակարգի զենիթային հրթիռներ, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, ՌՊԳ-26 հակատանկային ռեակտիվ նռնականետ, Դրագունովի դիպուկահար հրացաններ:
Համաձայնագրում նշվում է, որ սպառազինությունների ցանկը կարող է փոխվել ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ:
Civilnet











