Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի առաջարկով Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում 2016թ. մայիսի 20-ին:
Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 13-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Նախ կայացել է ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով:
«Կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության ընթացիկ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատկապես կարևորվել է ԵՏՄ-Չինաստան ձևաչափում Չինաստանի հետ երկխոսության և տնտեսական համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու հարցը: Նիստի ավարտին ստորագրվել են մի շարք որոշումներ՝ աշխատանքային ընթացակարգերով»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Հովիկ Աբրահամյանը զրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ:
***
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը պետք է կայանար ապրիլի 8-ին Երևանում: Սակայն Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը հրաժարվեց մասնակցել երևանյան նիստին, և այն տեղափոխվեց Մոսկվա: Վերլուծաբանների կարծիքով՝ Աստանան հանդիպումը տեղափոխեց` խուսափելու համար այն տպավորությունից, որ Ադրբեջանի հետ ամուր մշակութային և լեզվական կապ ունեցող Ղազախստանը ԼՂ հակամարտությունում աջակցում է Հայաստանին:
Civilnet











