Կառավարությունը ապրիլի 15-ի նիստին ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշում:
Ըստ այդմ՝ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է իրականացնել հսկողություն համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ:
ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվել է՝ հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը, ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահին առաջարկվել է մինչև 2016թ. ապրիլի 29-ը ՌԴ «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ, վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագրի ստորագրման մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը:
***
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 200 մլն դոլարի պետական արտահանման վարկի տրամադրման մասին պայմանագիրը կնքվել է 2015թ. հունիսի 26-ին` ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին: ՀՀ Ազգային ժողովը այն վավերացրել է անցյալ տարվա հուլիսի 12-ին:
Վարկը տրամադրվում է տաս տարի ժամկետով:
Այս տարվա փետրվարի 18-ին Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալը հրապարակել էրհամաձայնագիրը, ըստ որի` Հայաստանը Ռուսաստանից գնելու է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայաններ, ՏՕՍ-1Ա ծանր հրանետ համակարգեր, «Իգլա-Ս» համակարգի զենիթային հրթիռներ, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, ՌՊԳ-26 հակատանկային ռեակտիվ նռնականետ, Դրագունովի դիպուկահար հրացաններ:
Համաձայնագրում նշվում է, որ սպառազինությունների ցանկը կարող է փոխվել ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ:
Civilnet











