Արցախն ազնիվ չէ ինքն իր հետ

Բակո Սահակյանի՝ երրորդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվելը չափազանց վտանգավոր է: Հիմքում, իհարկե, այն է, որ այսօր նա ամենալավն է տիրապետում գրավյալ տարածքները հանձնելու մեխանիզմին և նրանից բացի ոչ ոք դա չի կարող անել բովանդակ Արցախում:
Աշխարհը պատրաստ է մարսել բռնապետերի բնորոշ սահմանադրական դերձակությունը, միայն թե Արցախի հարցը տեղից շարժվի: Ստեփանակերտում Բակո Սահակյանից զատ ուրիշ ոչ մեկը պատրաստ չէ դրան: Բայց հենց դա է բռնապետության վատը՝ երբ մի բան պատրաստ ես անել հանուն քո իշխանությունը պահպանելու: Ստատուս քվոյի ժամանակներն անցել են, դա ոչ ոք չի հերքում: Այն այլևս նախկին առաձգականությունը չունի: Բայց տեսեք, թե ինչ գին է վճարում Արցախը: Այն վճարում է իր բուտաֆորիկ ժողովրդավարությամբ: Արցախն ազնիվ չէ ինքն իր հետ: Եթե պատերազմի մեջ է, ընտրությունները թիթիզություն են: Եթե ընտրություններ կան, պետք է գործի Սահմանադրության նորմը՝ երկու անգամից ավելի չառաջադրվել: Եթե Սահմանադրություն ես փոխում, որպեսզի պահպանես նախագահի աթոռը, ուրեմն Իլհամ Ալիևից ոչնչով լավը չես: Արցախն ազնիվ չէ ինքն իր հետ, որովհետև որևէ երկրի մասին դատում են նրա ժողովրդավարության մակարդակով՝ եթե այնտեղ իշխանություն չի փոխվում, հենց դա արդեն հերիք է, որ աշխարհը մտածի՝ ի՞նչ կապ ունի Արցախի ժողովրդի ինքնորոշումը: Պարզապես կան մարդիկ, որոնք ինքնորոշման անունից իշխանություն են ձևում: Ո՞վ է հիմա Արցախի դեմ՝ Վահան Մարտիրոսյա՞նը, թե՝ Բակո Սահակյանը:
Ո՞վ է հիմա Արցախի դեմ՝ Վահան Մարտիրոսյա՞նը, թե՝ Բակո Սահակյանը
Չսիրեցիք այդ երկիրը ձեր հաճույքներից անկախ: Չսիրեցիք սեփական տարածության զգացումն ունեցող ընկնուզենիների այդ երկիրը, որտեղ դուք հաստատուն ոչինչ չունեք և վախենում եք դուրս մղվելուց: Ձեզանից ավելի կարևոր բան չկա Արցախում, ու դա տեսնում է յուրաքանչյուր արցախցի: Յուրաքանչյուրը հասկանում է, թե ինչ «իդեալներ» պիտի ունենա՝ եթե իշխում ես, ամեն ինչ հարմարեցրու քո իշխանությանը՝ այդպես ամբողջ աշխարհում ծնվում և տարածվում է ընտանեկան բռնությունը, այդպես գողական բարքերը դառնում են քաղաքավարական նորմ: Ահա ինչու Բակո Սահակյանի երրորդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունքը ծիծաղելի վիճակի մեջ է դնում Արցախը:
Որովհետև պարկեշտությունը Արցախում նույնը չէ, ինչ, ասենք, Լյուքսեմբուրգում: Այստեղ մարդու պարկեշտությունը կարող է չափվել նրա համար թափված ուրիշի արյամբ: Եվ այդ արյունը թափվել է ոչ միայն հանուն անվտանգության, ոչ միայն երեխաների անունից: Այդ արյունը թափվել է, որպեսզի մարդը մարդու հանդեպ լինի պարկեշտ: Որովհետև եթե պարկեշտ չեղավ, իր հետևից բերելու է անպարկեշտության բազմաթիվ դրսևորումներ: Մեղք է Արցախը: Լյուքսեմբուրգում խաղի կանոններ կան, որոնցում մեկի պարկեշտության պակասն ընդհանրապես չի կարող ազդել ամբողջ փոքրիկ պետության հեղինակության վրա: Սահմանադրական միապետն այնտեղ սահմանադրական միապետ է: Այդպես է գրված:
Իսկ Արցախում սահմանադրական միապետություն չկա, բայց չեն ուզում հանուն պետության հեղինակության իշխանություն զիջել: Սարսափելին այն է, որ սա արդեն անպատժելիություն չէ, որովհետև արցախցին հո տեսնու՞մ է, թե այստեղ ինչպես է Սերժ Սարգսյանը կառչած իշխանությունից:
Աշխարհը պատրաստ է ի վերջո հաշվի նստելու երրորդ ժամկետով նախագահ լինելու այդ մոլուցքի հետ: Բայց մի բան կա, որ ծիծաղելի է՝ վերջին 10 տարվա ընթացքում Արցախում Բակո Սահակյանից բացի չկա մի պետական կամ քաղաքական գործիչ, որը ոչ թե հանուն իշխանության պահպանման, այլ հանուն Արցախի պատրաստ է ասել, որ, այո, գրավյալ տարածքները պետք է վերադարձնել կամ՝ ոչ, պետք չէ վերադարձնել: Եվ այդ ամբողջում դնի ոչ թե պատեհապաշտությունը, ոչ թե՝ լավամարդությունը, այլ իր պետության պետական շահը: Ընդ որում մինչ այդ չգլխատելով ընդդիմությունը: Որպեսզի հարկ եղած պահին լսի, թե որտեղ սխալվեց:
Տեղադրություն
Մհեր Արշակյան









