Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածում են «հեշտ աշխատանք» և արագ եկամուտ խոստացող գովազդային գրառումներ։
«Հեշտ առցանց աշխատանք և լրացուցիչ եկամուտ՝ 10 000-50 000 դրամ։ Կատարեք պարզ առաջադրանքներ և ստացեք եկամուտ»,- օգտատերերին առաջարկում է Andrew Lewis ֆեյսբուքյան էջը։
Նմանատիպ բովանդակությամբ գրառումները տարածվում են տարբեր ձևակերպումներով․ «Շնորհավորում եմ, դուք ստացել եք 10 000 դրամ կանխիկ պարգև, կարող եք ստանալ հենց հիմա», «Փնտրում ենք մարդկանց, ովքեր ցանկանում են աշխատել օնլայն՝ օրական մինչև 10 000 դրամ», «Վաստակիր գումար հեռախոսով» և այլն։

Գրառումների տարածումն ընդլայնելու համար էջերը նաև վճարովի գովազդ են օգտագործում․ օրինակ՝ նշված էջը մեկ օրվա ընթացքում գործարկել է 15 միանման գովազդ։

Նույնատիպ սխեմայով է գործում նաև «Բացահայտիր Երևան» ֆեյսբուքյան էջը։ Այն առաջարկում է կիսադրույք կամ լրիվ աշխատանք՝ հնարավորություն տալով աշխատել տնից, ընդ որում՝ աշխատավարձը, ըստ հայտարարության, հաշվարկվում է ըստ հերթափոխերի։

Սակայն առաջին հայացքից գրավիչ այս առաջարկները կարող են օգտատերերին ներգրավել այնպիսի սխեմաների մեջ, որտեղ խոստացված աշխատանքի փոխարեն հետագայում նրանցից պահանջվում է գումար փոխանցել կամ նախնական ներդրում կատարել։
Կասկածելի էջերի հետքերը
Նման գովազդ տարածող օգտահաշիվների ուսումնասիրությունը ցույց է տալիս մի քանի օրինաչափություն՝ գրեթե բացակայող գործունեության պատմություն, արհեստական բանականության հետքեր և նույնատիպ բառապաշար։
Նույն Andrew Lewis էջը ստեղծվել է օգոստոսի 23-ին՝ գովազդային արշավը գործարկելուց ընդամենը օրեր առաջ, և չունի որևէ այլ բնականոն գործունեություն կամ զգալի հետևորդների թիվ՝ ընդամենը 4 հետևորդ։
Այս էջի գովազդային տեքստերում հաճախ կարելի է հանդիպել կոպիտ տառասխալների և անհարթ ձևակերպումների, ինչը կարող է վկայել, որ հայտարարությունները գեներացվել են արհեստական բանականության միջոցով։ Էջի գրառումներում նաև կրկնվում են նույնատիպ ձևակերպումներ, օրինակ՝ «Հայաստանում բոլորն են խորապես արժևորում ընտանեկան ջերմությունն ու ամենօրյա հանգստությունը…»։

Այս բոլոր գովազդներին կցված հղումները տանում են մեկ կայք՝ www.rx4u9 [.] top, որտեղ այցելուներին առաջարկվում է բարելավել ապրանքների վարկանիշը և դրա դիմաց լրացուցիչ եկամուտ ստանալ։ «Աշխատի՛ր տանից՝ SOUQ-ի ապրանքների գնահատումներ կատարելով։ Ճկուն ժամանակացույց, հեշտ ուսուցում և կանոնավոր վճարում»,- նշված է կայքում, որից հետո առաջարկվում է WhatsApp կոճակի միջոցով միանալ։
Կայքում ներկայացված են նաև իբր այս աշխատանքի միջոցով գումար վաստակած օգտատերերի մեկնաբանություններ։ #CivilNetCheck-ը նախկինում ևս անդրադարձել է նման հարթակների և գրել, որ դրանցում օգտագործված լուսանկարները վերցված են համացանցից։

Ինչպես է աշխատում խարդախության մեխանիզմը
Գործընթացը կառուցված է փուլերով։ Նախ օգտատերը սոցցանցերում տեսնում է առցանց աշխատանքի գովազդը և սեղմում կցված հղումը։ Այն տանում է առաջին հայացքից վստահություն ներշնչող կայք, որտեղ «Սկսի՛ր հիմա» կոճակը սեղմելուց հետո օգտատերը վերահասցեագրվում է WhatsApp։
Այնտեղ սկսվող նամակագրության ընթացքում պարզվում է, որ աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ է մուտք գործել մեկ այլ կայք, գրանցվել և ուղարկել գրանցումը հաստատող էկրանապատկերը։
«Աշխատանք տնից»՝ նախնական ներդրմամբ․ ինչ է թաքնված կասկածելի առաջարկների հետևում
Հաջորդ փուլում հաղորդակցությունը տեղափոխվում է Telegram, որտեղ «գործատուն» արդեն հայտնում է, որ աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ է նախապես գումար ներդնել։

Որոշ դեպքերում ուղարկվող հղումները կարող են տանել նաև ֆիշինգային կայքեր, որոնց միջոցով փորձում են ստանալ օգտատերերի անձնական կամ բանկային տվյալները։
Այս պատճառով պետք է զգուշանալ չստուգված հարթակներից եկող՝ չափազանց հեշտ և բարձր եկամուտ խոստացող աշխատանքի առաջարկներից։ Նման կայքերում գրանցվելը, անձնական տվյալներ տրամադրելը կամ գումար ներդնելը կարող է ռիսկային լինել։ Բացի այդ, որևէ երաշխիք չկա, որ օգտատերը կկարողանա ստանալ խոստացված եկամուտը կամ վերադարձնել նախապես փոխանցած գումարը։
Նելլի Լազարյան
CivilNetCheck











