Երեխաների բուժծառայության դիմաց համավճարն օրենքով է սահմանված․ նախարար
Երեխաների բժշկական ծառայությունների դիմաց համավճարների կիրառումն օրենքով սահմանված է, բժիշկները կարող են թույլատրելի սահմանաչափով համավճար կիրառել։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պարզաբանելով մտահոգությունները, որ պետական ապահովագրության շրջանակում մինչև 18 տարեկանների բժշկական ծառայության համար պոլիկլինիկաներում համավճար են պահանջում։
«Մենք ունենք բաժնի վարիչներ կամ երկար փորձառություն ունեցող բժիշկներ, որոնք իրավունք ունեն սահմանելու հավելավճարի որոշակի չափեր, որն օրենքով սահմանված է: Եվ այստեղ էլ պիտի լինի մրցակցություն։ Կարող է ապահովագրության շրջանակներում խորհրդատվության համար չպահանջվել որևէ բժշկական կենտրոնի կողմից հավելավճար, բայց թույլատրելի սահմանաչափով բժիշկները կարող են կիրառել նաև համավճար» ,- ասել է նախարարը։
Նախարարի խոսքով՝ անվճար բուժում հասկացություն չկա, կան հստակ ծառայությունների փաթեթներ, որոնք փոխհատուցվում են պետության կողմից։ Ավանեսյանը պարզաբանել է, որ կա բժշկական օգնության ծավալ, որը չի մտնում ապահովագրության մեջ և դրա համար պետք է վճարել։
«Մենք շատ բաց և թափանցիկ ենք մեր քաղաքականության մեջ: Մենք խոսք չենք տալիս բաներ, որը իրականում չենք տրամադրում և հստակ է, այո, ապահովագրական փաթեթը ունի նաև հավելավճարի հնարավորություն: Արդյոք բոլոր դեպքերում են բոլոր բժիշկներն են, բժշկական կենտրոններն են կիրառում, ո՛չ, էստեղ էլ մրցակցություն է գործում։ Մենք ասում ենք, որ խորհրդատվության արժեքը մեզ մոտ 6000 դրամ է, օրինակ նեղ մասնագետի խորհրդատվությունը, բայց եթե բժիշկը գտնում է, որ իր մոտ այնքան մեծ է հոսքը, որ կարող է կիրառել համավճար, մինչև 12,000 դրամ հավելյալ կարող է սահմանել հավելավճար»,- նշել է Ավանեսյանը:
Ավանեսյանը նշել է, որ քաղաքացիներն ունեն այլընտրանք և կարող են դիմել այն բժշկական կենտրոններ կամ բժիշկների, որոնք հավելավճարներ չեն պահանջում և սահմանափակվում են միայն պետպատվերի շրջանակներով:











