Այս տարվա հունվարի 13-ից Եվրոպայի բանկային շուկայում սկսվել է հեղափոխությունը: Ուժի մեջ է մտել PSD2-ը, Ի՞նչ է այն: Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը Linkedin-ում հրապարակած հոդվածում, որ վերնագրված է «Open Banking - Բանկային հեղափոխությունը Եվրոպայում սկսված է», բացատրում է խնդիրը: (Հոդվածի բաժանումը ենթավերնագրերի արված է ՍիվիլՆեթի կողմից):
Վճարային ծառայությունների վերափոխված դիրեկտիվ - PSD2
2015 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրախորհրդարանը Եվրահանձնաժողովի առաջարկության հիման վրա ընդունեց Վճարային Ծառայությունների Վերափոխված Դիրեկտիվը, որը ֆինանսական շուկաներում հայտնի դարձավ որպես PSD2 (Revised Directive on Payment Services):
Եվրախորհուրդը մեկ ամիս անց` նոյեմբերի 16-ին ընդունեց այն ու սահմանեց, որ ուժի մեջ է մտնում այս տարվա հունվարի 13-ին (եթե մտածում եք ի՞նչ օր էր դա, ապա ասեմ, որ շաբաթ էր և ոչ ուրբաթ)` բանկերին երկու տարի ժամկետ տալով համապատասխանեցնել իրենց գործունեությունը նոր դիրեկտիվի պահանջներին:
Երրորդ անձ
PSD2-ը Եվրոպայում ձևավորեց նոր մոտեցում ու կարգավորում` սկիզբը դնելով Open Banking-ի: Ըստ այս նոր կարգավորման բանկերը պարտավոր են իրենց հաճախորդների համաձայնությամբ ու ցուցումով երրորդ անձանց (օրինակ տեխնոլոգիական ընկերություններին (Facebook), առցանց մանրածախ ընկերություններին (Amazon) անսահմանափակ մուտքի հնարավորություն տրամադրել դեպի հաճախորդի` բանկում առկա տվյալներ: Բանկերը պարտավոր են կառուցել կիրառական ծրագրավորման միջերեսներ (Application Programing Interfaces կամ API-ներ), որոնք իրականում համակարգչային կոդեր ենք, որոնց միջոցով երրորդ կողմը կարողանալու է համեմատաբար ապահով մուտք ունենալ դեպի հաճախորդի տվյալներ:
Երրորդ անձը կարող է վերլուծել հաճախորդների եկամուտները
Ունենալով հաճախորդների վերոհիշյալ եղանակով ձեռք բերված տվյալները, երրորդ կողմ հանդիսացող ծառայություններ կամ ապրանքներ վաճառողները կարողանալու են վերլուծել հաճախորդների եկամուտները, դրանց չափեր, աղբյուրները ստացման հաճախականությունը, եկամուտները ծախսելու սովորույթները (ո՞ր վաճառասրահներից է օգտվում, ի՞նչ է գնում, պարտքով թե՞ առկա գումարով է գնում, առցանց թե՞ ֆիզիկական գնումն է նախընտրում), խնայողական վարքագիծը, ներդրումային պայուսակը, կարճաժամկետ (օրինակ վարկային քարտեր) ու երկարաժամկետ պարտավորությունները (օրինակ հիպոթեքային վարկեր) և այլազան ու բազմաթիվ անհատական տեղեկատվություն:
Ի՞նչ կարող է անել երրորդ անձը
Եթե մտածում եք թե ի՞նչ են անելու երրորդ կողմերը ստացված տեղեկատվությամբ, ապա ասեմ, որ դրա կիրառման եղանակները բազմաթիվ են: Մասնավորապես, նրանք օգտագործելով հաճախորդների անհատական, ինչպես նաև ագրեգացված տվյալները (Big Data) հնարավորություն են ստանում կոնկրետ հաճախորդի «հագով կարել» (tailor make) ու վերջինիս առաջարկել իրենց պրոդուկտները: Օրինակ եթե բանկի հաճախորդը ապրում է քաղաքի կենտրոնում, ամուրի ու երիտասարդ մանկավարժ է, իր եկամուտների 40%-ը ծախսում է մանարածախ առևտրի, 20%-ը զվարճանքի վայրերի, և 20%-ը բնակարանի վարձի, իսկ մնացած 20%-ով էլ առցանց եղանակով ձեռք է բրում հագուստ ու կոշիկ, ապա մեր մանկավարժը կսկսի ստանալ հաղորդագրություններ ու ապրանքների ու ծառայությունների առաջարկներ, որոնք թիրախավորված են հենց իր ապրելակերպով ու եկամտածախսային վարքագծով մարդկանց: Կամ ավելի ճիշտ է ասել ուղղված հենց իրեն:
Բանկերը կորցնում են մենաշնորհը
Սա հեղափոխություն է նաև ու հատկապես այն առումով, որ բանկերը կորցնում են ազգաբնակչության տեղեկատվական բազաների նկատմամբ դարեր ի վեր ունեցած մենաշնորհը: Իրականում քանի որ, բանկերի փաստացի հարստությունը ոչ թե նրանց ունեցած վարկային պորտֆելը կամ ավանդային փողն է, այլ իրենց ունեցած տեղեկատվական հսկա, խորը և վաղեմի բազան: Նրանք այժմ պարտավոր են, Եվրոպայում գոնե, իրենց բիզնեսը կիսել ինչպես տեխնոլոգիական հսկաների, այնպես էլ «ստարտափ»-երի ու «ֆինտեխ» կազմակերպությունների հետ:
Մրցակցություն
Իհարկե այս նոր քաղաքականությունը սրում է մրցակցությունը, բայց ունենում ենք ոչ թե ավանդական մրցակացային միջավայր, այլ բոլորովին այլ` նոր ու տարբերակված մրցակիցներով ֆինանսական համակարգ: Հիրավի փոխվում է նաև «բանկային համակարգ» հասկացությունն ու կազմվածքը:
Առաջին մարտահրավերը, որն առաջանում է, դա բանկային ու ֆինանսական համակարգում բազմազան (diversified) և հաճախ ոչ այնքան հասկանալի մրցակիցների ի հայտ գալն է: Եթե ավանդական բանկային միջավայրում գործում էին բացառապես բանկերը, որոնց քիչ թե շատ բոլորս էլ ծանոթ եինք, ապա նոր միջավայրում բանկային ծառայություններ հնարավոր է, որ ստանանք մեզ նախկինում բոլորովին անծանոթ մի «ստարտափից» կամ առցանց խանութից:
Կարգավորման հնարավոր բաց (regulatory arbitrage)
Երկրորդ մարտահրավերը այսպես կոչված կարգավորման հնարավոր բացն է (regulatory arbitrage): Մասնավորապես, եթե բանկերն ավանդաբար գտնվել են խիստ կարգավորման ու վերահսկողության դաշտում, իսկ նրանց նոր, հաճախ անհայտ բիզնես մոդելներով «հարևանները» ոչ, ապա հնարավոր է որ առաջանա կարգավորման բաց: Այստեղ իհարկե բանկային կարգավորողները վերլուծության ու խելամիտ կարգավորման քաղաքականության բազմաթիվ անելիքներ ունեն (եթե կատակենք, ապա միգուցե՞ սա բանկային կարգավորողներին լրացուցիչ աշխատատեղերով ապահովելու մի նախաձեռնություն է):
Տեղեկատվության անվտանգության ռիսկեր
Երրորդը տեղեկատվական անվտանգության ռիսկերն են, որոնք զարգանում են տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց: Ակնհատորեն առաջանում է քաղաքացիների անհատական տվյալների պաշտպանության և «անհատակացման գողության» (ID theft) զոհերի թվի աճման հնարավորություն (այստեղ էլ ՏՏ անվտանգության մասնագետների աչքը լույս):
Միջամտում են անձնական կենսակերպին
Չորորդը մարդու անձնական կենսակերպը այլոց միջամտությունից զերծ պահելու և անձի կենցաղը անձամբ կազմակերպելու իրավունքի ու հնարավորության դանդաղ վերացումն է: Կենցաղի մանրամասնությունները որոշում ես ոչ թե դու, այլ քո բանկային հաշվի շարժն ու բանկոմատը, որից սովորաբար սիրում ես գումար հանել:
Իհարկե սրանք ռիսկեր են, որոնք կառավարարելու լուծումները մարդկությունը ինչ որ ժամանակահատվածում կտա (միգուցե՞ նույնիսկ Արհեստական ինտելեկտով (AI) ռոբոտները գտնեն լուծումները): Վստահ եմ նաև, որ ընթերցողը կկարողանա մատնանշել ևս մի քանի ռիսկեր, որոնց մասին թերացել եմ գրել (գիշերվա ուշ ժամն է մեղավոր): Ամեն դեպքում սակայն, open banking-ն ակնհայտորեն խախտելու է դարերի ստատուս քվոն ու վերացնելու է բանկերի հեգեմոնիան:
Մեջբերում Financial Times-ից
Իսպանական BBVA բանկի գործադիր տնօրեն Ֆրանցիսկո Գոնզալեսը մտահոգված կոչով դիմել է Մեծ Քսանյակի երկրներին` պնդելով, որ «իշխանությունները պետք է կարգ ու կանոն հաստատեն այս հսկայական փոփոխության մեջ, որը կարող է ռիսկեր առաջացնել ֆինանսական կայունության համար:
Իհարկե Գոնզալեսը ճիշտ է իր պնդմամբ, սակայն մյուս կողմից open banking-ը «ժողովրդավարացնելով» և աննախադեպ թափանցիկություն հաղորդելով բանկային ծառայություններին կարող լրջագույն հնարավորություններ բացել հաճախորդների համար սահմանելու ամբողջական վերահսկողություն իրենց դրամական միջոցների ու պարտավորությունների նկատմամբ: Դա է ցույց տալիս մի շարք տեխնոլոգիական ընկերությունների առաջարկած հավելվածներն ու այլ տեխնոլոգիական լուծումները, որոնք կարողանում են հաճախորդի բանկային տվյալների հիման վրա գնահատել ու հաճախորդներին առաջարկել ֆինանսական պրոդուկտներ, որոնք ավելի հարմար են, ավելի էժան են կամ ավելի քիչ գործառնական ծախսեր են ենթադրում: Բացի այդ, եթե ցայսօր բանկերն էին տեխնոլոգիական ընկերությունների պատվիրատուները նոր տեխնոլոգիաների մասով, ապա իրապես որ աշխարհը փոխվում է, քանզի մի քանի տարի անց պատվերի անիվը կարող է փոխվել այնպիսի հսկաների կողմից ինչպիսիք են Facebook-ը, Amazon-ը, Alibaban-ն և նրանց ավելի կրտսեր գործընկերները:
Civilnet











