Գլխավոր Լրահոս

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների թույլ կողմերը. առաջարկներ բարելավման ուղղությամբ

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների թույլ կողմերը. առաջարկներ բարելավման ուղղությամբ

Բենիամին Պողոսյան, Մհեր Փարվանյան

Նոր կորոնավիրուսային համաճարակի բռնկումը բոլոր պետություններին կանգնեցրել է երկու էական խնդիր լուծելու հրամայականի առաջ։ Առաջինը մարդկանց առողջության պահպանումն ու հանրային առողջապահական համակարգի փլուզման կանխումն է, երկրորդը՝ տնտեսական ճգնաժամի հետևանքների մեղմումը։ Երկրների բացարձակ մեծամասնությունն առաջին խնդիրը փորձում է լուծել կարանտինի և սոցիալական հեռավորության կոշտ մեթոդների կիրառմամբ։ 

Երկրորդի լուծման հիմնական ուղին կառավարությունների կողմից աջակցության տարբեր ծրագրերի իրականացումն է՝ ուղղված ինչպես աշխատանքը կորցրած մարդկանց նվազագույն սոցիալական կարիքների բավարարմանը, այնպես էլ դեռևս աշխատանքը շարունակող ընկերություններին աջակցության ցուցաբերմանը։

Տնտեսվարողներին են ներկայացվում տարբեր գործիքներ. հարկային արձակուրդներ, անտոկոս վարկեր, պարտավորությունների չկատարման դեպքում տույժերի և տուգանքների հետաձգում։ Այս միջոցառումների համար հատկացվող միջոցների չափը տարբեր է՝ սկսած ՀՆԱ-ի 2-3 տոկոսից մինչև ՀՆԱ-ի գրեթե կեսը (ՀՆԱ-ի համեմատությամբ առավել մեծ միջոցներ հատկացնող պետությունների թվում այս պահին առաջատարը Իտալիան է, որտեղ կառավարության հաստատած աջակցության փաթեթը շուրջ 750 միլիարդ եվրո է)։

Հայաստանի կառավարությունը ևս քայլեր է ձեռնարկում ծանր վիճակում հայտնված անհատ ձեռներեցներին և ընկերություններին աջակցություն ցուցաբերելու նպատակով։ 2020 թ. մարտի 26-ից սկսած Կառավարությունը հաստատել է տնտեսական և սոցիալական ուղղվածության ինը միջոցառումներ, որոնք միտված են տնտեսության վրա ճգնաժամի ազդեցության մեղմմանը։ Տնտեսական ուղղվածություն ունեն առաջին, երկրորդ, երրորդ և հինգերորդ միջոցառումները։ Դրանք հրապարակված են, հետաքրքված սուբյեկտները կարող են ծանոթանալ պայմաններին և բովանդակությանը։ Ընդհանուր առմամբ առաջին երեք միջոցառումները նախատեսում են արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում, իսկ հինգերորդը՝ դրամաշնորհի տեսքով աջակցություն  2-ից մինչև 50 աշխատող ունեցող տնտեսվարողներին։ Իհարկե, ռեսուրսների արագ ներարկումը տնտեսություն հույժ կարևոր է, սակայն անհրաժեշտ է մշակել նաև ռազմավարական լուծումներ։ 

Բացողումները

Կառավարության հաստատած միջոցառումներում առկա են որոշակի բացթողումներ, որոնք մեր կարծիքով նվազեցնում են դրանց արդյունավետությունը.

1. Խնդրահարույց է ծրագրերի հասանելիության ապահովումը։ Վարկային ծրագրերով միջոցների տրամադրման կարևորագույն նախապայման է համարվում հարկային բարվոք պատմությունը։ Դա նշանակում է, որ դիմումատու կազմակերպությունների նկատմամբ հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ դիմումին նախորդող 365 օրվա ընթացքում հարուցված չպետք է լինի։ Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի կայքում զետեղված տեղեկատվության` 2019 թ. ընթացքում ՊԵԿ-ի կողմից կայացվել է  մոտ 29 000 գանձման որոշում, այն դեպքում, երբ 2019 թ. հուլիս ամսվա դրությամբ ՀՀ-ում գործել են մոտ 95 000 ակտիվ հարկ վճարողներ։ Կարելի է ենթադրել, որ հարկ վճարողների առնվազն 20 տոկոսը չի բավարարում կառավարության հաստատած աջակություն ստանալու պայմանը։ Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ ծրագրերում ներառված է նաև վարկային բարվոք պայմանի բավարարման խնդիր, ինչը էլ ավելի է նվազեցնում ծրագրերից օգտվելու հնարավորություն ունեցող կազմակերպությունների թիվը։  

2. Չկան հասցեականության ապահովման հստակ մեխանիզմներ։ Արտոնյալ պայմաններով վարկատեսակներից կարող են օգտվել նաև այն ընկերությունները, որոնք թեև համապատասխանում են առաջադրվող պահանջներին, սակայն չունեն դրամական միջոցների պակասորդ։ Նմանատիպ կազմակերպությունները կարող են ստացված արտոնյալ վարկային միջոցներով վճարել, օրինակ, հարկերն ու աշխատավարձերը, իսկ այդ ընթացքում գեներացված դրամական հոսքերն ուղղել այլ նպատակների իրականացմանը, այդ թվում՝ դրանք որպես ավանդ ներդնելով բանկային համակարգում և փաստացի ձեռք բերելով չհիմնավորված մրցակցային առավելություններ։ Նշենք, որ ցանկացած բիզնեսի ամրացում ինքնին դրական երևույթ է, հատկապես ճգնաժամի պայմանններում, սակայն նման շռայլություն պետությունը կարող է իրեն թույլ տալ բացառապես ռեսուրսների բավարար մակարդակի և ըստ այդմ դրանց լայն հասանելիության պայմաններում։

3. Կառավարության 5-րդ միջոցառման շրջանակում տրամադրվող միանվագ օժանդակության մասով առկա են խնդիրներ, որոնց հետևանքով մի շարք տնտեսվարողների մոտ կարող են վերապահումներ ձևավորվել կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումների նկատմամբ։ Մինչդեռ  հատկապես ճգնաժամային պայմաններում սպասումների հիման վրա ձևավորված տնտեսվարողների ռացիոնալ վարքագիծը հույժ կարևոր է։

Հինգերորդ միջոցառման շրջանակում միանվագ դրամաշնորհի տեսքով օժանդակություն կարող է տրամադրվել միայն այն տնտեսվարողներին, որոնք 2020 թ. մարտին ունեցել են հունվար և փետրվար ամիսներից ոչ պակաս աշխատակիցների թվաքանակ և աշխատավարձի ֆոնդ։ Սակայն հնարավոր են մի քանի դեպքեր, որոնց պարագայում տնտեսվարողը անարդար կերպով կարող է զրկվել դրամաշնորհից։ Դրանք են՝

ա) տնտեսվարողի մոտ աշխատակիցների կրճատում տեղի չի ունեցել, սակայն տնտեսվարողը որոշել է հունվարին աշխատակիցներին պարգևատրել,

բ) տնտեսվարողի աշխատակիցը մարտին անցել է այլ տնտեսվարողի մոտ ավելի բարձր վարձատրվող աշխատանքի,

գ) տնտեսվարողի աշխատակիցը մարտին հիվանդացել է և տնտեսվարողին ներկայացրել անաշխատունակության թերթիկ։

Ներկայացվող դեպքերի ցանկն ամբողջական չէ։

Առաջարկվող լուծումներ 

1. Անհրաժեշտ է մեծացնել ծրագրերի հասանելիությունը։ Այս առումով առաջարկում ենք առաջին միջոցառման գծով բացառապես հարկերի և աշխատավարձի վճարումների նպատակով տրամադրել արտոնյալ վարկեր առանց հաշվի առնելու հարկային բարվոք պատմության առկայությունը։ Այն տնտեսվարողը, որը պատրաստ է սեփական գույքի գրավադրմամբ մարել պետության և աշխատակիցների նկատմամբ ձևավորված պարտավորությունները, ամենայն հավանականությամբ այդ պարտավորությունները կուտակել է ոչ անպարտաճանաչության պատճառով։ Ճիշտ է՝ հարկային օրենսգիրքը նախատեսում է գրավի երաշխիքով հարկային պարտավորությունների տարաժամկետում, սակայն այն սահմանում է առավելագույնը իննամսյա ժամկետ, և շատ ընկերություններ ունեն գրավի առարկայի խնդիր (նրանց գույքն արդեն գրավադրված է բանկերում)։ Ճգնաժամի պայմաններում նման ընկերություններին չաջակցելը կարող է հանգեցնել գործազրկության աճի և աշխատաշուկայում ձևավորված աշխատավարձերի նվազման։ 

2. Մեծացնել արտոնյալ վարկային ռեսուրսների տրամադրման հասցեականությունը՝ ֆինանսավորելով ոչ թե կոնկրետ ծախսեր, այլ այդ ծախսերի գծով ընկերությունների պակասորդը։ Միևնույն ժամանակ ցանկանում ենք շեշտադրել, որ առաջարկվող մոտեցումը կիրառելի է միայն այն դեպքում, երբ պետությունը բավարար ռեսուրսներ  չունի ծրագրերի հասանելիությունը մեծացնելու համար։

3. Նպատակահարմար է 5-րդ միջոցառման շրջանակում նախատեսված դրամաշնորհները հատկացնել 2-ից 50 աշխատակից ունեցող բոլոր ընկերություններին և այն չպայմանավորել 2020 թ. հունվար, փետրվար և մարտ ամիսներին աշխատակիցների քանակով և աշխատավարձի ֆոնդի չափով։ Այս մոտեցումը բխում է այն հանգամանքից, որ առկա են դրամաշնորհների ստացման դիմումների մերժման բազմաթիվ վիճարկելի սուբյեկտիվ հիմքեր, որոնց ամբողջական իդենտիֆիկացումը կառավարության որոշման շրջանակում հնարավոր չէ իրականացնել։ Նշենք, որ ռեսուրսների միանվագ ներարկումը տնտեսություն որոշ չափով կարող է մեղմել տնտեսական անկման տեմպը։

Մհեր Փարվանյանը տնտեսագետ է, «Փարվանյան Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրենը։

Բենիամին Պողոսյանը քաղաքագետ է, Երևանում գործող Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենն է։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում