Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը չի կարող նպաստել Հայաստանի անվտանգությանը

Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը չի կարող նպաստել Հայաստանի անվտանգությանը

2023-ը հայ-ռուսական հարաբերությունների համար թերևս ամենածանր տարին էր Հայաստանի անկախության ձեռքբերումից ի վեր։ 2020-ի Արցախյան պատերազմից և Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ռազմական ներխուժումներից հետո հայ-ռուսական հարաբերությունները զգալի անկում են արձանագրել։ Հայաստանը բացահայտ դժգոհ է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դիրքորոշումից՝ համարելով, որ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները։ Ռուսաստանը, իր հերթին, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի քաղաքականությանը կասկածանքով է վերաբերվում և համարում է, որ Հայաստանը փորձում է աստիճանաբար հեռանալ իրենից։ 

Ռուսաստան–Արևմուտք ընթացող փաստացի հակամարտությունն ավելի է բարդացնում իրավիճակը։ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ շփումներն ակտիվացնելու Հայաստանի ցանկացած փորձ Ռուսաստանում ընկալվում է «դավաճանություն», իսկ ռուս որոշ փորձագետներ Հայաստանին մեղադրում են «Ուկրաինայի ճանապարհն ընտրելու մեջ»։

Այսուհանդերձ, երկկողմ տնտեսական կապերը բուռն զարգացում են ապրում։ 2023-ին երկկողմ առևտրաշրջանառությունը կարող է հասնել 6 մլրդ դոլարի, ինչն աննախադեպ ցուցանիշ է երկու պետությունների համար։ Դա մասամբ պայմանավորված է Հայաստանից Ռուսաստան արտահանման կտրուկ աճով։ Այստեղ էական դեր են խաղում նաև Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումները, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո Հայաստան տեղափոխված տասնյակ հազարավոր ռուսաստանցիները։ 

Միևնույն ժամանակ, չնայած Ռուսաստանի մոտալուտ պարտության մասին բազմաթիվ պնդումներին՝ Ուկրաինայում պատերազմն առայժմ հեռու է ավարտվելուց, իսկ 2023-ին ուկրաինական հակահարձակման ձախողումից հետո ռազմաճակատում նախաձեռնությունն անցել է Ռուսաստանի կողմը։ Ուկրաինայում ռազմական հաջողությունները, ինչպես նաև Հարավային Կովկասի աճող դերը Ռուսաստանի համար՝ որպես Ասիային և Մերձավոր Արևելքին կապող լոգիստիկ հանգույցի, կարող են հանգեցնել տարածաշրջանում ռուսական դերի ավելացմանը։

Ստեղծված պայմաններում Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական վատթարացումը որևէ կերպ չի կարող նպաստել Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Վերջին շրջանում նկատելի են Ադրբեջանի փորձերը՝ Հայաստանը ներկայացնելու որպես տարածաշրջանում թիվ մեկ արևմտամետ պետություն, որը քայլեր է ձեռնարկում Արևմուտքի ներկայությունն ամրապնդելու ուղղությամբ։ Այս քաղաքականությամբ Ադրբեջանը ձգտում է հավելյալ լարվածություն առաջացնել հայ-ռուսական ու հայ-իրանական հարաբերություններում՝ փորձելով հասնել տարածաշրջանում Հայաստանի լիարժեք մեկուսացմանը և ավելի մեծացնել Հայաստանի խոցելիության մակարդակը։ Ադրբեջանի նպատակն է, թերևս, Հայաստանը վերածել Արևմուտք–Ռուսաստան հակամարտության նոր օջախի։  

Ադրբեջանն օգտվում է նաև Ռուսաստանի համար Բաքվի և Անկարայի աճող կարևորությունից՝ Ռուսաստանին ակնարկելով, որ Հայաստանն արդեն դավաճանել է Մոսկվային, և Հարավային Կովկասում ռուսական շահերի պաշտպանության լավագույն ճանապարհը ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունն է, իսկ Հայաստանի շահերը հանգիստ կարելի է ոտնահարել։

Աշխարհաքաղաքական ցնցումների պայմաններում Հայաստանը պետք է չափազանց զգույշ գործի՝ ճակատագրական նոր սխալներ թույլ չտալու համար։ Վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանի անվտանգության մակարդակն էականորեն նվազել է, և արտաքին քաղաքականության ոլորտում ցանկացած սխալ քայլ կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Առաջին հերթին Հայաստանը պետք է հստակ ուղերձ հղի թե՛ ռուսական, թե՛ արևմտյան գործընկերներին, որ որևէ ցանկություն չունի դառնալու «Ռուսաստան – Արևմուտք, ժողովրդավարություն – ավտորիտարիզմ» իրական կամ թվացյալ հակամարտության մաս։ Ռուսաստանի հետ շփումներում պետք է առաջ տանել այն տեսակետը, որ Հայաստանը չի պատրաստվում որևէ մեկին աջակցել տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու գործում, և Հայաստանի արտաքին քաղաքականության բազմազանեցումը չի նշանակում հակառուսական քաղաքականության որդեգրում։ 

Դա չի նշանակում նաև, որ Հայաստանը չպետք է շարունակի Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու ռազմավարությունը։ Ընդամենը պետք է խուսափել հակառուսական ժեստերից, որոնք Հայաստանին ոչնչով չեն կարող օգնել։ Միևնույն ժամանակ, Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի ռուսական փորձագիտական և մեդիա դաշտում սեփական ներակայացվածության մեծացման ուղղությամբ։ Ներկայում այնտեղ Ադրբեջանն ունի բացահայտ գերակշռություն և օգտագործում է այդ հանգամանքը Ռուսաստանում հակահայկական խոսույթի ինտենսիվ տարածման համար։ 

Անկախ գլոբալ զարգացումների բնույթից՝ Ռուսաստանը առաջիկա տարիներին շարունակելու է մնալ Հարավային Կովկասում առավել ազդեցիկ խաղացողներից մեկը, և նրա հետ հարաբերությունների վատթարացումը միայն հավելյալ խնդիրներ կստեղծի Հայաստանի համար։

Բենիամին Պողոսյանը «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում