Բոլորում է ռուս–ուկրաինական պատերազմի երկրորդ տարին․ ինչ սպասել Հարավային Կովկասում

Մեկ ամսից լրանում է ռուս-ուկրաինական պատերազմի երկրորդ տարին: Այս ժամանակահատվածում պատերազմի ընթացքի և հնարավոր ավարտի մասին գնահատականները մի քանի անգամ էական փոփոխությունների են ենթարկվել: 2022-ի փետրվարի վերջին գրեթե բոլորը վստահ էին, որ պատերազմը շատ արագ կավարտվի Ռուսաստանի հաղթանակով, Ուկրաինայում տեղի կունենա իշխանափոխություն, և նախագահ Զելենսկուն կփոխարինի ռուսամետ գործիչ: Արդեն 2022-ի սեպտեմբերին, Խերսոնի և Խարկովի շրջաններում ուկրաինական հաջող հակահարձակումներից հետո, սպասումները կտրուկ փոխվեցին. այս անգամ շատերը վստահ էին Ռուսաստանի մոտալուտ պարտության մեջ:
Այս սպասումների գագաթնակետը, թերևս, 2023-ի մայիսն էր, երբ թվում էր, թե ամեն ինչ պատրաստ է ուկրաինական նոր հակահարձակման համար: Արևմտյան ժամանակակից սպառազինությամբ և արևմտյան համապատասխան կենտրոններում պատրաստված տասնյակ հազարավոր զինվորներով համալրված ուկրաինական բանակը պետք է ջախջախեր ռուսներին: Այն պետք է կա’մ մտներ Ղրիմ, կա’մ առնվազն հասներ Ազովի ծով և վերջ տար Ռուսաստանից Ղրիմ տանող ցամաքային միջանցքին: 2023-ի հունիսի 24-ին «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Պրիգոժինի սկսած զինված ապստամբությունը կարծես թե հաստատում էր Ռուսաստանի մոտալուտ պարտության մասին սպասելիքները:
Սակայն ուկրաինական պատերազմը հերթական անգամ հերքեց փորձագետների և քաղաքական գործիչների սպասումները: Ավելի քան չորս ամիս տևած հակահարձակման ընթացքում ուկրաինական բանակը ծանր կորուստներ կրեց և ռազմաճակատի մի քանի հատվածներում կարողացավ առաջ գնալ ընդամենը մի քանի կիլոմետր: Արդեն 2023-ի ավարտին ռազմաճակատում նախաձեռնությունը գրեթե ամբողջությամբ անցավ ռուսական բանակին, և ներկայում ուկրաինացիների հիմնական խնդիրը տարածքային նոր կորուստներից խուսափելն է:
Ուկրաինական հակահարձակման ձախողումը Արևմուտքում պատերազմի հեռանկարների և ավարտի մասին նոր քննարկումների ալիք է բարձրացրել: Շատերն արդեն այնքան էլ վստահ չեն Ուկրաինայի հաղթանակի և 1991-ի սահմանների վերականգնման հնարավորության մեջ:
Իհարկե, չափազանց դժվար է կանխատեսումներ անել 2024-ի ռազմական գործողությունների ընթացքի վերաբերյալ: Ակնհայտ է մեկ բան՝ այս պատերազմում պաշտպանվելն ավելի հեշտ է, քան հարձակվելը, և հիմա պաշտպանվելու հերթը ուկրաինացիներինն է: Դա նշանակում է, որ ռուսական բանակի համար բավական դժվար է լինելու նոր տարածքներ գրավելը, և ռազմաճակատում էական փոփոխությունները քիչ հավանական են: Միևնույն ժամանակ, արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ պատերազմը թևակոխել է հյուծման փուլ, որտեղ վճռորոշ դեր է ստանձնել ռեսուրսների առկայությունը և պատերազմը շարունակելու կողմերի վճռականությունը:
Ուկրաինական հակահարձակման ձախողումից հետո այստեղ առավելությունը Ռուսաստանի կողմն է: Ուկրաինան չի կարող շարունակել պատերազմը առանց ԱՄՆ-ից, ԵՄ-ից և այլ պետություններից ստացվող ռազմական և տնտեսական օգնության, իսկ այս հարցում զգալի դժվարություններ են առաջացել: 2023-ի վերջին Եվրամիությունը չկարողացավ համաձանության հասնել Ուկրաինային 50 մլրդ եվրո տրամադրելու հարցում՝ Հունգարիայի դիրքորոշման պատճառով:
ԱՄՆ-ում Ուկրաինայի խնդիրը դարձել է 2024-ի նախագահական քարոզարշավում քննարկվող արտաքին քաղաքական հիմնական թեմաներից մեկը: Հանրապետական կուսակցությունը հրաժարվում է օգնության հերթական չափաբաժինը տրամադրել Ուկրաինային՝ դրա դիմաց դեմոկրատներից պահանջելով համաձայնել ներգաղթի կանոնների կտրուկ խստացմանը: Ընդհանրապես, հանրապետականների մի մասը՝ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, կասկածի տակ են դնում Ուկրաինային ցուցաբերվող օգնության շարունակման նպատակահարմարությունը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի ռազմավարական հակառակորդը Չինաստանն է, և ԱՄՆ-ը պետք է ուշադրությունը կենտրոնացնի Չինաստանի հետ մրցակցության վրա: Այդ համատեքստում նրանք կարևորում են Ռուսաստանի և Չինաստանի համագործակցության հետագա խորացման կանխումը՝ այդ նպատակին հասնելու համար դիտարկելով Ուկրաինայի հարցում Ռուսաստանի հետ համաձայնության գալու հնարավորությունը: Դեմոկրատները` նախագահ Բայդենի գլխավորությամբ, հայտարարում են, որ Միացյալ Նահանգները պետք է շարունակի օգնել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Ընդհանուր առմամբ, կարելի է պնդել, որ առնվազն 2023-ից ուկրաինական հակամարտությունը վերածվել է Ռուսաստան – Արևմուտք պրոքսի պատերազմի, որտեղ Ուկրաինային վերապահված է ռազմադաշտի դերը:
Հարավային Կովկաս
Ուկրաինական պատերազմի ընթացքն էական ազդեցություն ունի Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության և այս տարածաշրջանում ռուսական ներգրավման աստիճանի վրա: 2022-ից հետո մի կողմից նվազել են Հարավային Կովկասում իրավիճակի վրա ներազդելու Ռուսաստանի հնարավորությունները, մյուս կողմից մեծացել է տարածաշրջանի և, մասնավորապես, Ադրբեջանի և Թուրքիայի կարևորությունը Ռուսաստանի համար: Միևնույն ժամանակ, Ուկրաինայում Ռուսաստանի մոտալուտ ջախջախման մասին սպասումներն աստիճանաբար հօդս են ցնդում, ինչը նշանակում է, որ «առանց Ռուսաստան Հարավային Կովկաս» հայեցակարգը դժվար թե իրականություն դառնա: Առաջիկայում Ռուսաստանը շարունակելու է առաջատար դիրքեր պահպանել տարածաշրջանում, և ցանկացած պետություն, այդ թվում Հայաստանը, իր արտաքին քաղաքականության մշակման գործընթացում պարտավոր է հաշվի առնել այս հանգամանքը:
Մոտ ապագայում որևէ այլ պետություն կամ կազմակերպություն՝ Թուրքիա, Իրան, ԱՄՆ, Ֆրանսիա, ԵՄ, ՆԱՏՕ, տարածաշրջանում չեն փոխարինելու Ռուսաստանին: Թուրքիան և Իրանը չունեն համապատասխան ռեսուրսներ, իսկ արևմտյան կենտրոնները ցանկանում են Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից, սակայն պատրաստ չեն անվտանգային երաշխիքներ տրամադրել։ Այս համատեքստում Ռուսաստանի հետ կապերը խզելու, Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը Ռուսաստանից դեպի Արևմուտք 180 աստիճանով փոխելու մասին քննարկումներն ու հայտարարություններն ընդամենը նպաստելու են հայ-ռուսական հարաբերությունների հետագա վատթարացմանը, և «ջուր են լցնելու» Ռուսաստանում Ադրբեջանի կողմից իրականացվող քարոզչական արշավին: Այդ արշավի հիմնական նպատակը Ռուսաստանին համոզելն է, որ Հայաստանն արդեն դավաճանել է Ռուսաստանին և ընդունել է արտաքին քաղաքական շրջադարձ կատարելու որոշում, և Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը պահպանելու միակ տարբերակը ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորացումն է:
Ուկրաինական պատերազմում Ռուսաստանի պարտության հեռանկարն աստիճանաբար ավելի մշուշոտ է դառնում, իսկ 2024-ի նոյեմբերին Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում դրա հավանականությունը կարող է մոտենալ զրոյի: Այս պայմաններում Հայաստանը պետք է չափազանց զգույշ լինի արտաքին քաղաքական նոր սխալներից խուսափելու համար, որոնք, Արցախի կորստից հետո, կարող են հանգեցնել Ադրբեջանի կողմից Հայաստանի հավելյալ տարածքների օկուպացիային: Հայաստանի արտաքին քաղաքականության միջնաժամկետ տեսլականը պետք է լինի ոչ թե շրջադարձի կատարումը և Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը, այլ արտաքին քաղաքականության բազմազանեցումը, որը ենթադրում է այլ գործընկերների հետ շփումների ինտենսիվացում առանց Մոսկվայի հետ հարաբերությունների փլուզման։
Բենիամին Պողոսյանը «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան է։
Տեղադրություն
Բենիամին Պողոսյան










