Հայաստանը պե՛տք է միանա Սև ծովի հատակով Եվրոպա էլեկտրամատակարարման ծրագրին

2022-ի դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի ղեկավարները Բուխարեստում համագործակցության հուշագիր ստորագրեցին Հարավային Կովկասից Սև ծովի հատակով մալուխով դեպի Եվրամիություն «կանաչ էլեկտրաէներգիայի» արտահանման ծրագրի վերաբերյալ: Միջազգային հանրությունը չպետք է աջակցի Հարավային Կովկասում Հայաստանին մեկուսացնելու Ադրբեջանի ռազմավարությանը, այլ պետք է քայլեր ձեռնարկի խրախուսելու այն տնտեսական նախագծերը, որոնցում ներգրավված են բոլոր երեք պետությունները: Հայաստանը կարող է միանալ այս ծրագրին։
Սև ծովի հատակով Վրաստանից Ռումինիա էլեկտրաէներգիայի ստորջրյա տեղափոխման նախագիծը ենթադրում է մինչև 3 Գվտ բարձր լարման և 1195 կմ երկարություն ունեցող մալուխի կառուցում, որը շահագործման կհանձնվի 2029-ին: Իտալական CESI կազմակերպությունը 2022-ի մայիսին սկսել է ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման պատրաստումը։ Նախատեսվում է, որ դա կավարտվի 2023-ի վերջին: 2022-ի դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի ղեկավարները Բուխարեստում համագործակցության հուշագիր ստորագրեցին այս ծրագրի վերաբերյալ, որը նախատեսում է «կանաչ էլեկտրաէներգիայի» արտահանում Հարավաին Կովկասից դեպի Եվրամիություն:
Ծրագիրը կարող է ֆինանսավորել ԵՄ Global Gateway նախաձեռնությունը: Այն ենթակառուցվածքների զարգացման ծրագիր է, որը նախատեսում է այդ նպատակների համար ավելի քան 300 մլրդ եվրո հատկացնել մինչև 2027-ը:
Այնուամենայնիվ, եթե Վրաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 80%-ի աղբյուրը հիդրոկայաններն են, Ադրբեջանում «կանաչ էլեկտրականությունը» գրեթե բացառվում է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը չի կարող էլեկտրաէներգիա արտահանել Եվրամիութուն նշված ծրագրի շրջանակում:
Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիան հիմնականում արտադրվում է երեք տեսակի էլեկտրակայաններում՝ ատոմային, հիդրո և ջերմային: Հայաստանի կառավարության նպատակն է մինչև 2030-ն ունենալ 12 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրություն և միևնույն ժամանակ վերականգնվող էլեկտրաէներգիայի արտադրության մասնաբաժինը դարձնել 15 տոկոս։
Ներկայում Հայաստանում կառուցվում է երկու խոշոր արևային էլեկտրակայան՝ 55 ՄՎտ հզորությամբ կայան Գեղարքունիքում և 200 ՄՎտ հզորությամբ կայան Արագածոտնում: Վերջինը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Աբու Դաբիի Մասդար ընկերության 174 մլն դոլար արժողությամբ համատեղ նախագիծ է։ Այս նախագծերով Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ընդլայնելու Հայաստանում վերականգնվող էներգիայի ոլորտը:
Հայաստանն ունի ԵՄ վերականգնվող էներգիա արտահանող պետություն դառնալու ներուժ: Հայաստանի մասնակցությունը Սև ծովի հատակով Վրաստանից Ռումինիա ստորջրյա էլեկտրական մալուխի կառուցման նախագծին կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը։ Դա նաև կխթանի տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը, որն անհրաժեշտ է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովմանը: Այն կամրապնդի ԵՄ ազդեցությունը տարածաշրջանում և լիովին համահունչ կլինի Հարավային Կովկասում ԵՄ ռազմավարությանը։
Բենիամին Պողոսյան










