Վերջին տասնամյակների ընթացքում Արցախում տեղի ունեցած հակաժողովրդավարական գործընթացների և հասարակության աստիճանական թուլացման համար ընդունված է ողջ պատասխանատվությունը դնել իշխող էլիտաների վրա: Վերջիններս, անշուշտ, որոշիչ դերակատարություն են ունեցել երկրում քաղաքական լճացման և այլակարծության ճնշման հարցում: Իշխանություններն են իրենց քաղաքական հակառակորդների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք խոչընդոտում էին նրանց բնականոն գործունեությանը:
Այնուամենայնիվ, Արցախում տարիներ տևող քաղաքական ստագնացիայի համար իրենց պատասխանատվության բաժինն են կրում նաև ընդդիմադիր էլիտաները, որոնք սեփական պասիվությամբ ու անսկզբունքայնությամբ օժանդակել են իշխող ռեժիմների կողմից երկրում քաղաքական մենաշնորհ հաստատելու գործընթացին:
Արցախյան ընդդիմադիր էլիտայի մեծ մասը սովորաբար քաղաքականությամբ է զբաղվում ընտրություններից ընտրություններ: Ընտրական գործընթացի ավարտից հետո ընդդիմության որոշ առաջնորդներ կամ անհետանում են տեսադաշտից, կամ էլ համագործակցության գնում իշխանությունների հետ: Արցախյան հասարակության այն հատվածը, որը քվեարկում է փոփոխությունների օգտին, ընտրություններից հետո սովորաբար մեն-մենակ է մնում իշխող ռեժիմի և վերջինիս ռեպրեսիվ մեքենայի դեմ: Քաղաքական դաշտում ուժեղ ընդդիմադիր բևեռ չի ձևավորվում, ինչի արդյունքում իշխանությունները ուժեղանում են, իսկ հասարակությունը թուլանում է:
Ընդդիմադիր էլիտաների այսպիսի գործելաոճը նկատելի է 2000-ականների կեսերից, երբ Արցախում մրցակցային քաղաքականության համար մինիմալ նախապայմաններ առաջացան: 2005 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովում հայտնված «ՀՅԴ-Շարժում-88» ընդդիմադիր դաշինքի ցուցակով ընտրված երեք պատգամավորներից երկուս խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու տարի անց իրենց աջակցությունն են հայտնել նախագահի իշխանական թեկնածու Բակո Սահակյանին: 2007 թվականի նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի գլխավոր մրցակից Մասիս Մայիլյանը, որը ստացել էր քվեների 12,5 տոկոսը, ընտրություններից հետո քաղաքականապես պասիվացավ և փորձ չկատարեց արձանագրած արդյունքի հիման վրա քաղաքական ուժ ստեղծել:
Նույնը տեղի ունեցավ 2012 թվականի նախագահական ընտրություններից հետո: Բակո Սահակյանի մրցակից Վիտալի Բալասանյանը, որը ստացել էր ընտրողների 32,5 տոկոսի աջակցությունը, մի քանի տարով անհետացավ քաղաքական դաշտից` հրաժարվելով ուժեղ հակաիշխանական բևեռ ձևավորելու առաքելությունից: 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Բալասանյանը արդեն գլխավորում էր արհեստականորեն վերակենդանացված «Շարժում - 88» կուսակցության ցուցակը, որը նախընտրական շրջանում դիրքավորվում էր որպես ընդդիմադիր ուժ: Ընտրություններից մեկ տարի անց Բալասանյանը դարձավ իշխող թիմի անդամ` նշանակվելով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար: Իսկ «Շարժում - 88» կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանը 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին արդեն մասնակցում էր իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության նախընտրական ցուցակով:
2020 թվականի համապետական ընտրությունները լուրջ հնարավորություն էին ընձեռել բացասական այս միտումը կոտրելու և Արցախում նույնիսկ ժողովրդավարական անցման ձախողման դեպքում ուժեղ ընդդիմադիր բևեռ ձևավորելու համար: Միայն այն հանգամանքը, որ երկրում քաղաքական լուրջ հետապնդումներ իրականցնելու ռեսուրսը զգալիորեն նվազել է, ընդդիմադիր գործունեությամբ զբաղվելու համար ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծել:
Այնուամենայնիվ, արդեն իսկ ակնհայտ է, որ ընդդիմադիր ընտրազանգվածի մեծամասնության աջակցությունը ստացած կուսակցությունն ու թեկնածուն չեն պատրաստվում զբաղվել ընդդիմադիր քաղաքականությամբ: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժը` Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը, որը ստացել էր ընտրողների 23,63 տոկոսի քվեն, արդեն իսկ շնորհավորել է նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին և բանակցություններ է սկսել վերջինիս հետ: Շրջանառվող լուրերի համաձայն` Բաբայանին առաջարկվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, ինչպես նաև նախարարական մի քանի պորտֆել նոր կառավարությունում:
Հանդիպում է տեղի ունեցել նաև Արայիկ Հարությունյանի և նախագահական ընտրություններում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած թեկնածու Մասիս մայիլյանի միջև: Ըստ հավաստի աղբյուրների` Մայիլյանը ևս լինելու է Արայիկ Հարությունյանի կառավարության անդամ` պահպանելով արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
Եթե այս լուրերը հաստատվեն, կստացվի, որ հազարավոր քաղաքացիներ, որոնք փոփոխությունների ակնկալիքով քվեարկել են Սամվել Բաբայանի կուսակցության և Մասիս Մայիլյանի օգտին, արդյունքում իրենց քվեն տալիս են Արայիկ Հարությունյանի թիմին: Նրանք դարձել են քաղաքական առքուվաճառքի առարկա:
Իրադարձությունների այսպիսի զարգացումը ինչ-որ չափով ընկալելի կլիներ, եթե հասարակության զգալի մասի մոտ հիմնավոր կասկածներ չլինեին ընտրությունների արդարության և թափանցիկության հետ կապված: Բացի այդ, զավեշտալի է, երբ նախընտրական շրջանում աընդընդհատ խոսում ես կոռուպցիայի դեմ պայքարի ու հավասար հնարավորությունների երկիր ստեղծելու անհրաժեշտության մասին, իսկ ընտրություններից հետո որոշում կայացնում աշխատել համակարգային կոռուպցիա և անհավասար հնարավորությունների երկիր ստեղծած գործչի ենթակայության ներքո:
Ընտրություններին ընդդիմադիր օրակարգով մասնակցած գործիչների այսպիսի պահվածքը, անշուշտ, արդարացվելու է հայրենիքին ծառայելու մղումներով, միասնականության ու համերաշխության անհրաժեշտությամբ և նախընտրական ծրագիրը կյանքի կոչելու ցանկությամբ:
Այսպիսի տեսակետներ հատկապես շատ են լինելու Երևանում, որտեղ Ղարաբաղում տեղի ունեցող քաղաքական գործընթացները հիմնականում դիտարկվում են միայն հակամարտության պրիզմայով: Սակայն իրականությունն այն է, որ դրանք կեղծ կատեգորիաներ են: Արցախում երբեք չի եղել և չի լինելու միասնականության խնդիր: Արտակարգ իրավիճակի դեպքում քաղաքական բոլոր հակառակորդները միշտ էլ մի կողմ են դնում իրենց տարաձայնությունները և միավորվում ընդհանուր նպատակի շուրջ: Ավելին, արդյունավետ պետություն կառուցելու համար Արցախին առաջին հերթին պետք է առողջ քաղաքական համակարգ: Իշխանությունների կողմից ընդդիմադիր էլիտաների կոոպտացիայի պրակտիկան միայն թուլացնում է արցախյան պետականությունը և այն խոցելի դարձնում: Այսպիսի գործելաոճը նաև հիասթափության նորանոր ալիքներ է բարձրացնում հասարակության մեջ, որոնց հետևանքը շատ հաճախ արտագաղթի աճն է լինում:
Այսպիսի տհաճ իրավիճակներից խուսափելու համար արցախյան հասարակությունը պետք է մեկընդմիշտ մերժի ժողովրդի քվեն քաղաքական առևտրի առարկա դարձրած գործիչներին: Մարդիկ, որոնք ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու քաղաքական կամք չունեն, պետք է այլևս երբեք չստանան արցախյան հասարակության այն հատվածի աջակցությունը, որը արմատական փոփոխություններ է ցանկանում երկրում: Սա արդեն քաղաքական հասունության հարց է:
Տիգրան Գրիգորյան











