Գլխավոր Լրահոս

Մտորումներ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ

Մտորումներ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ
Թերևս, բոլորին է հայտնի այն մեծ կարևորությունը, որ Ռուսաստանի գործող ռազմաքաղաքական ղեկավարությունը տալիս է Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին և դրանում նախկին ԽՍՀՄ-ի խաղացած վճռորոշ դերին։ Կարելի է պնդել, որ այդ հաղթանակը դարձել է ժամանակակից Ռուսաստանի ազգային ինքնության ձևավորման կարևոր բաղադրիչ և այն սակավաթիվ տոներից է, որի նշանակությունը կասկածի տակ չի դրվում ինչպես քաղաքական ուժերի լայն սպեկտրի, այնպես էլ հասարակության տարբեր շերտերի կողմից։ Ռուսաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը համարում է նախկին խորհրդային հանրապետություններին միավորող գործոն, ինչը կարող է էական դեր խաղալ նաև ներկայում հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի նախաձեռնությամբ իրականացվող ինտեգրացիոն գործընթացների առաջ մղման գործում։ Միևնույն ժամանակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառների և ընթացքի վերաբերյալ գնահատականներն էական ցուցիչ են հետխորհրդային այս կամ պետության՝ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը գնահատելու համար։ Պատահական չէ, որ Ռուսաստանի հետ առավել լարված հարաբերություններ ունեցող նախկին ԽՍՀՄ մերձբալթյան հանրապետությունները, Ուկրաինան և մասամբ Վրաստանը հայտարարում են Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման համար ԽՍՀՄ-ի և Գերմանիայի նույնական պատասխանատվության մասին և հավասարության նշան դնում 1939-1945 թթ․ գերմանական օկուպացիայի և ԽՍՀՄ-ի կազմում գտնվելու միջև։ Հասկանալի է, որ Ռուսաստանի ղեկավարությունը հաղթանակի 75-ամյակն օգտագործելու էր տարբեր պետությունների հետ իր հարաբերությունների մակարդակն ընդգծելու համար։ Այս համատեքստում լրիվ տրամաբանական են մայիսի 7-ին և 8-ին կայացած Ռուսաստանի նախագահի շնորհավորական հեռախոսազրույցները ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ մի շարք պետությունների ղեկավարների (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան) հետ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել մայիսի 5-ին, որի ընթացքում ի շարս տարբերի հարցերի՝ քննարկվել էին Հաղթանակի 75-ամյակին նվիրված երկկողմ միջոցառումները։ Պուտինը անհրաժեշտ էր համարել նաև մայիսի 9-ին հեռախոսով անձամբ շնորհավորել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Մայիսի 7-ին և 8-ին Վլադիմիր Պուտինը Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ հեռախոսազույցներ է ունեցել և շնորհավորանքներ փոխանակել նաև ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների, Իտալիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետների հետ։ 2018 թ․ մարտին Մեծ Բրիտանիայի տարածքում կրկնակի գործակալ Սկրիպալի ենթադրյալ թունավորումից հետո ռուս-բրիտանական հարաբերությունների ծայրահեղ վատթարացման ֆոնին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ կայացած հեռախոսազրույցը վկայում է  Ռուսաստանի ցանկության մասին՝ օգտագործելու այս հնարավորությունը նույնիսկ իր հետ կիսաթշնամական հարաբերություններ ունեցող պետությունների ղեկավարների հետ շփումներ ունենալու նպատակով։ Պուտինի ու Փաշինյանի չկայացած զանգը Այս համատեքստում առնվազն տարօրինակ է Ռուսաստանի նախագահի՝ ՀՀ վարչապետին կամ նախագահին չզանգահարելու փաստը։ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ։ Հասկանալի է, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմում չէին կարող պարզապես մոռանալ Հայաստանի գոյության մասին։ Ռուսաստանի հետ կիսաթշնամական հարաբերություններ ունեցող Մեծ Բրիտանիայի, 2014-ից սկսած Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառող եվրոպական պետությունների և Ռուսաստանի զսպման քաղաքականություն իրականացնող ԱՄՆ-ի ղեկավարների հետ կայացած հեռախոսազրույցների պատկերին Հայաստանի անտեսումը պաշտոնական Երևանի նկատմամբ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում դժգոհության ազդակ է։ Հաշվի առնելով Հարավային Կովկասում Ռուսաստանի գերակա դիրքը և Հայաստանի արտաքին անվտանգային սպառնալիքները՝ այս իրավիճակը բացասական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի անվտանգային ներուժի վրա։ 2018 թ․ մայիս-սեպտեմբեր ամիսներին երկկողմ հարաբերություններում նկատված կտրուկ սառնությունից հետո (առաջին հերթին դա պայմանավորված էր ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի նկատմամբ քրեական գործի հարուցմամբ, որը Ռուսաստանն ընկալեց որպես ՀԱՊԿ-ին իմիջային հարված հասցնելու կանխամտածված քայլ, ինչպես նաև Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդման իրականացմամբ և վերջինիս կալանավորմամբ), Հայաստանին և Ռուսաստանին 2018 թ․ վերջին և 2019 թ․ գրեթե ողջ ընթացքում կարծես թե հաջողվել էր որոշակիորեն վերականգնել հարաբերությունների նախկին մակարդակը։ Դա արտահայտվեց ինչպես Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու ՀՀ որոշմամբ (չնայած ԱՄՆ-ի կոշտ առարկությանը), այնպես էլ միջգերատեսչական տարբեր մակարդակի կապերի զգալի ինտենսիվացմամբ։ Բավականին ավելացել էին փոխադարձ այցելություններն ու տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ծրագրերի մշակումը, որոնք որոշ ուղղություններով նույնիսկ գերազանցում էին մինչ 2018 թ․ մայիսը եղած շփումների մակարդակը։ Գազի գինն ու Լավրովի հայտարարությունները՝ երկկողմ հարաբերությունների ցուցիչ Ամենայն հավանականությամբ, երկկողմ հարաբերություններում անկումը վերսկսվել է 2019 թ․ վերջին կամ 2020 թ․ սկզբին։ Դժվար է խորքային գնահատական տալ դրա հնարավոր պատճառներին, սակայն առկա են այս գործընթացի մասին վկայող հստակ քայլեր։ Դրանցից են ինչպես Ռուսաստանից մատակարարվող բնական գազի գնի նվազեցման հարցով «Գազպրոմ» ընկերության հետ նոր բանակցություններ սկսելու 2020 թ․ մարտի վերջին ներկայացված ՀՀ առաջարկի անորոշ ճակատագիրը (ըստ 2019 թ․ դեկտեմբերի 31-ին ստորագրված համաձայնագրի՝ Հայաստանի համար 2019 թ․ գործող 165 դոլար 1000 խորանարդ մետր գազի դիմաց սակագինը պահպանվելու է մինչև 2020 թ․ ավարտը), այնպես էլ «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից Հայաստանի սպառողների համար գազի գնի բարձրացման հայտի ներկայացումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Հարաբերություններում առկա խնդիրների մասին արդեն հրապարակային հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2020 թ․ ապրիլի 21-ին կայացած առցանց հարցուպատասխանի ընթացքում։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանում գործող ռուսական խոշոր մի քանի ընկերությունների դեմ հարուցված քրեական գործերից Ռուսաստանի դժգոհությանը, այլև 2019 թ․ ապրիլից ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ նախկինի հետ համեմատած որոշակի մոդիֆիկացված փաստաթղթի շուրջ ընթացող բանակցությունների փաստի հրապարակայնացմանը։ Հարկ է նշել, որ հակամարտության կարգավորմանը հետևող փորձագետների համար այս հայտարարությունները նորություն չէին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2019 թ․ մարտին, իսկ ԵԱՀԿ նախարարների խորհրդի հերթական համաժողովին մասնակցող համանախագահ պետությունների պավիրակությունների  ղեկավարները 2019 թ․ դեկտեմբերին ընդունված հայտարարություններում հստակ նշում էին, որ կարգավորումը պետք է հենվի դեռ 2004-ից մշակվող և համանախագահ պետությունների նախագահների 2009 թ․ հուլիսյան հայտարարությամբ հրապարակայնացված սկզբունքների և տարրերի վրա, ինչը համահունչ է Ռուսաստանի արտգործնախարարի 2020 թ․ ապրիլի 21-ին հրապարակած փաստերին։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի արտգործնախարարի հրապարակային հայտարարությունը բավականաչափ դժվար կացության մեջ դրեց ՀՀ իշխանություններին, որոնք սկզբում արտգործնախարարի, իսկ հետո արտգործնախարարության խոսնակի միջոցով հարկադրված էին հրապարակայնորեն հերքել Ռուսաստանի արտգործնախարարի պնդումները, ինչը, թերևս, քիչ հանդիպող երևույթ է  իրար գործընկեր համարող պետությունների հարաբերություններում։ Վերոշարադրյալը հիմքեր է ստեղծում հայ-ռուսական հարաբերությունները փաստացի նախաճգնաժամային գնահատելու համար, չնայած իրավական առումով երկկողմ հարաբերություններում պահպանվում է 2018 թ․ մայիսի ստատուս քվոն։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանին այս երկու տարիների ընթացքում չի հաջողվել որակական առաջընթաց արձանագրել Հարավային Կովկասում ներգրավված արտաքին մյուս հիմնական դերակատարների հետ հարաբերություններում, կարելի է արձանագրել Հայաստանի համախումբ ներուժի նվազման ռեալ վտանգի առկայությունը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում