Գլխավոր Լրահոս

Եվրախորհրդարանի զեկուցողների հակահայկական հայտարարության շուրջ․ ինչ վտանգներ կան և ինչպես պայքարել

Եվրախորհրդարանի զեկուցողների հակահայկական հայտարարության շուրջ․ ինչ վտանգներ կան և ինչպես պայքարել

Վերջին երկու օրերին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքական և փորձագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության և ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդարանական հանձնաժողովներում եվրոպական պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուռանդիի, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Ժելենա Զովկոյի` հունիսի 10-ին ընդունած համատեղ հայտարարությունը «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ»:

Հայտարարությունը պարունակում է հակահայկական մի շարք բացահայտ ձևակերպումներ, այդ թվում` «Լեռնային Ղարաբաղի ապօրինի օկուպացիայի և հակամարտությունը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում կարգավորելու» վերաբերյալ։ Փաստաթղթում առկա են նաև ներքին հակասություններ։ Հեղինակներն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և 2009 թ. հրապարակված «հիմնական տարրերին», սակայն միևնույն ժամանակ հակասում են տարրերից մեկին, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։

Շատերն են փորձում հասկանալ, թե ինչով է պայմանավորված այս հայտարարությունը, ինչ հետևանքներ կարող է այն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացի վրա և արդյոք կարելի էր կանխել դրա ընդունումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը միանշանակ օգտագործելու է այս հայտարարությունը կարգավորման գործընթացում սեփական դիրքերի ամրապնդման նպատակով։ Միևնույն ժամանակ, պետք չէ գերագնահատել նմանատիպ հայտարարությունների ազդեցությունը կարգավորման գործընթացի վրա։ Այն էականորեն պայմանավորված է Հարավային Կովկասում ներգրավված պետությունների շահերի համընկnման և բախման բարդ կծիկով, և նմանատիպ հայտարարություններն օբյեկտիվորեն չեն կարող վճռորոշ ազդեցություն ունենալ։

Հայտարարության հետ կապված հաջորդ կարևոր հարցը ՀՀ-ի համապատասխան մարմինների կողմից դրա կանխման հնարավորության գնահատումն է։ Հասկանալի է, որ Եվրախորհրդարանի անդամների վրա ազդեցության ուղղակի լծակները բացակայում են, սակայն դա չի նշանակում, որ թե՛ արտգործնախարարության և թե՛ խորհրդարանական դիվանագիտության խողովակներով հնարավոր չէր նախօրոք տեղեկանալ նմանատիպ զարգացումների մասին և քայլեր ձեռնարկել դրանց կանխման ուղղությամբ։ Ակնհայտ է, որ այս հայտարարությունը պետք է գնահատել որպես բացթողում և միևնույն ժամանակ նախազգուշացում նմանատիպ հաջորդ դեպքերում արդյունավետ գործելու համար։ Հայտարարությունն անդառնալի բացասական հետևանքներ չի ունենա կարգավորման գործընթացի վրա, սակայն անհրաժեշտ է սրանից դասեր քաղել հետագայում նմանատիպ և գուցե առավել բացասական զարգացումներ թույլ չտալու համար։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, թերևս, ժամանակն է դադարեցնել հակասական, երկիմաստ և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող ուղերձների փոխանցումը միջազգային հանրությանը

Ռազմավարական առումով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, թերևս, ժամանակն է դադարեցնել հակասական, երկիմաստ և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող ուղերձների փոխանցումը միջազգային հանրությանը։ Նախևառաջ անհրաժեշտ է հստակ կողմնորոշվել մի քանի հարցում։

Առաջինը վերաբերում է Արցախի Հանրապետության՝ բանակցությունների սեղանին վերադառնալու պահանջին և միաժամանակ Արցախը Հայաստանի մաս հռչակող հրապարակային հայտարարություններին։ Եթե Արցախը Հայաստանի (իսկ միջազգային հանրության համար Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է) մաս է, ապա անհասկանալի է դառնում նրա՝ բանակցություններին մասնակցության պահանջը։

Երկրորդ կարևոր խնդիրը վերաբերում է 2004 թ. մշակված և շրջանառության մեջ դրված հակամարտության փուլային կարգավորման տարբերակին («մադրիդյան փաստաթուղթ»)։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող միաժամանակ և՛ մերժել այդ տարբերակը, և՛ շարունակել մասնակցել դրանց վրա հենվող բանակցություններին։ 2019 թ. մարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նույն թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարների խորհրդի 26-րդ նիստում Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հայտարարություններում հստակ նշվում է, որ արդար և տևական կարգավորումը պետք է ներառի 2009 թ. համանախագահ պետությունների նախագահների կողմից հրապարակված վեց տարրերը։ Եթե Հայաստանի Հանրապետությունը մերժում է այդ տարբերակը, ապա այն չպետք է մասնակցի դրանց հիման վրա ընթացող բանակցություններին, իսկ դրա փոխարեն մշակի և միջնորդներին ներկայացնի բանակցությունների հիմքի նոր հայեցակարգ։

Վերոշարադրյալի հաշվառմամբ կարելի է գնահատել, որ մարտավարական խնդիրների լուծմանը զուգահեռ, ինչպիսիք են օրինակ հունիսի 10-ի հայտարարության ընդունման կանխումը, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ռազմավարական նշանակության խնդիրներում առկա բացերը վերացնելու ուղղությամբ։      

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում