Գլխավոր Լրահոս

Մովսես գյուղում ադրբեջանական կողմից կրակոցներն արձակվում են գյուղին շատ մոտ հեռավորությամբ․ ՄԻՊ

Մովսես գյուղում ադրբեջանական կողմից կրակոցներն արձակվում են գյուղին շատ մոտ հեռավորությամբ․ ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել․

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչներից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվում ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 12-ին՝ ժամը 23-ի սահմաններում սկսել են գնդակոծություն Տավուշի մարզի ուղղությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնատիպ ահազանգեր է ստացել նաև հուլիսի 12-ին՝ ցերեկային ժամերին:

Ըստ Մովսես գյուղի բնակիչների Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերի՝ ադրբեջանական կողմից կրակոցներն արձակվում են գյուղին շատ մոտ հեռավորությամբ: Խաղաղ բնակչության գնահատմամբ՝ գնդակոծությունն իրականացվում է այնպիսի եղանակով, որ իրական է դարձնում քաղաքացիական բնակավայրին, իրենց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելու վտանգը:

Նշված ահազանգերից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, որ ադրբեջանական կողմն իրականացնում է Հայաստանի զինված ուժերի դիրքերի հրետակոծում: Դրանից բացի, Հայաստանի պաշտպանության նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հրատապ հարցմամբ հաստատել է, որ գնդակոծությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ և առկա է այդ բնակավայրերին վնաս պատճառելու իրական վտանգ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պահպանում է նաև անմիջական կապ Հայաստանի Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի բնակիչների և համայնքների վարչական մարմինների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանը, լինելով մարդու իրավունքների ազգային անկախ հաստատություն և առաջնորդվելով բացառապես իրավապաշտպան սկզբունքներով, խստորեն դատապարտում է գնդակոծությունը ու որ այն էլ իրականացվում է Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ, այդ բնակավայրերի բնակիչներին, նրանց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելու իրական վտանգով: Այս երևույթն առավել ևս դատապարտելի է նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի պայմաններում:

Մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների նշված փաստերին և տեղեկացնում, որ նախաձեռնել է թիրախային դիտարկում, որի արդյունքները սահմանված կարգով կամփոփվեն ու կուղարկվեն միջազգային կառույցներին»։
 
 
 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում