Միացյալ Նահանգները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության առնչությամբ՝ կողմերին կոչ անելով դադարեցնել ուժի կիրառումը։
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել նրանց միջև ուղիղ հաղորդակցության առկա խողովակները՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող՝ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ աջակցությանը կողմերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական, խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Մենք ակտիվորեն ներգրավված կլինենք այդ նպատակին հասնելու ջանքերում:
Միացյալ Նահանգները միանում է Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով կողմերին հնարավորինս արագ վերսկսել բովանդակային բանակցություններ»,- ասված է հայտարարությունում։
***
Հուլիսի 12-ից Հայաստան-Ադրբեջան սահմանին լարված իրադրություն է։ Ըստ ՀՀ ՊՆ խոսնակի՝ անցյալ գիշեր ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։ Ադրբեջանը վերջին երկու օրերին կրել է մարդկային կորուստներ, հայկական կողմից կորուստներ չկան։
Civilnet










