Եռամսյակային ցուցանիշներ՝ Գերմանիայից և Ֆրանսիայից
Երեկ Եվրամիության երկու խոշոր տնտեսությունների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի վիճակագրական ծառայությունները ներկայացրել են ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակի ՀՆԱ-ի աճի նախնական գնահատականները, որոնք ամբողջովին արդարացրել են փորձագետների կանխատեսումները։ Եվրոստատը ևս հրապարակել է եվրոգոտու և ԵՄ երկրների ՀՆԱ-ի եռամսյակային աճի ցուցանիշները։
Ըստ Ֆրանսիայի Ազգային վիճակագրական բյուրոյի (Insee) տվյալների՝ հուլիս-սեպտեմբերին ֆրանսիական տնտեսությունն աճել է 0,4%-ով։ Գերմանիայի վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն՝ գերմանական տնտեսությունն աճել է 0,5%-ով։ Ֆրանսիայի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակում կրճատվել էր 0,1%-ով, Գերմանիայինը՝ աճել 0,3%-ով։
Վերլուծաբաններին, ընդհանուր առմամբ, բավարարում են Ֆրանսիայի և Գերմանիայի տնտեսական աճի՝ 3-րդ եռամսյակի արդյունքները, չնայած նրանք տագնապով են նայում մոտ ապագային։ Առանձնահատուկ մտահոգության պատճառ են գերմանական տնտեսության աճի հեռանկարները։ Նշենք, որ Գերմանիան ավանդաբար համարվում է ԵՄ տնտեսության շարժիչ ուժը։
Ամերիկյան Citigroup-ի փորձագետ Յուրգեն Միխելսի կարծիքով՝ ներքին պահանջարկը զգալի ներդրում է ունեցել Գերմանիայի ՀՆԱ-ի աճի գործում։ Ամեն դեպքում՝ 4-րդ եռամսյակում, ըստ նրա, տեմպերն ավելի համեստ կլինեն։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, ամեն ինչ կախված կլինի եվրոգոտու պարտքային ճգնաժամի զարգացումից. տնտեսական իրավիճակի վատթարացման դեպքում Գերմանիայի՝ արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսությունն անկում կապրի։
Ըստ ԵՄ վիճակագրական ծառայության (Եվրոստատի) տվյալների՝ եվրոգոտու և ԵՄ երկրներում ՀՆԱ-ի միջին աճը 3-րդ եռամսյակում կազմել է 0,2%։ Համանման ցուցանիշ է արձանագրվել նաև 2-րդ եռամսյակում։ 3-րդ եռամսյակում ամենաակտիվ աճն արձանագրել են Ռումինիան (1,9%՝ եռամսյակային կտրվածքով, 4,5%՝ տարեկան կտրվածքով), Լիտվան (1,3%՝ եռամսյակային կտրվածքով, 7,2%՝ տարեկան կտրվածքով) և Էստոնիան (0,8%՝ եռամսյակային կտրվածքով, 7,9%՝ տարեկան կտրվածքով)։ Մյուս կողմից՝ Պորտուգալիայի, Նիդեռլանդների և Կիպրոսի ՀՆԱ-ները եռամսյակային բացասական արդյունք են արձանագրել։
Civilnet











