$1,6 մլրդ-ի արժեթուղթ՝ իռլանդական բորսայում
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը տեղաբաշխել է $1,6 մլրդ ծավալով եվրապարտատոմսերի երկու տրանշ։ Այս մասին հաղորդում է ռուսական «Պրայմ»-ը՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրները։ Արժեթղթերը տեղաբաշխվել են երեկ առավոտյան Իռլանդիայի ֆոնդային բորսայում։
Թողարկողը լյուքսեմբուրգյան Gaz CapitalS.A-ն է։ Տեղաբաշխումից ներգրավված միջոցներն ուղղվելու են ընդհանուր կորպորատիվ նպատակներին, ասված է «Գազպրոմ»-ի տարածած հաղորդագրության մեջ։
$1 մլրդ ծավալով առաջին տրանշը տեղաբաշխվել է 5 տարի ժամկետով՝ տարեկան 4,95% եկամտաբերությամբ։ Երկրորդ տրանշը՝ $600 մլն, տեղաբաշխվել է 10 տարի ժամկետով՝ տարեկան 6% եկամտաբերությամբ։
Նշենք, որ «Գազպրոմ»-ը մտադիր էր եվրապարտատոմսերի տեղաբաշխման road show-ն (ընկերության առաջընթացի ապահովմանը, հեղինակության բարձրացմանն ու ներդրումային գրավչության մեծացմանն ուղղված միջոցառումների ամբողջություն, որն ընկերությունը ձեռնարկում է նախքան բաժնետոմսերի տեղաբաշխումը) անցկացնել դեռ հոկտեմբերի 3-5-ը, սակայն ֆինանսական շուկաների անկայունությունը հարկադրեց նրան հետաձգել այն։ Ընկերությունն իր արժեթղթերի road show-ն սկսել է նոյեմբերի 14-ին։
Ավելի վաղ՝ 2010թ. նոյեմբերին, գազային հոլդինգը $1 մլրդ ծավալով 5-ամյա պարտատոմսեր էր տեղաբաշխել՝ միջնաժամկետ սվոփների նկատմամբ 340 բազիսային կետ եկամտաբերությամբ։
2011թ. հունվար-սեպտեմբերին «Գազպրոմ»-ի զուտ շահույթը, ըստ հաշվապահական հաշվառման ռուսական չափորոշիչների, կազմել է 552,81 մլրդ ռուբլի (մոտ $17,8 մլրդ), իսկ տարեկան աճը՝ 71,4%: Հասույթն ավելացել է 27,5%-ով՝ մինչև 2,53 տրլն ռուբլի (մոտ $817 մլրդ)։ Շրջանառվող միջոցներն ավելացել են 91,1%-ով՝ կազմելով 1,3 տրլն (մոտ $420 մլրդ) ռուբլի։
Civilnet











