Թեև զբոսաշրջիկների 82%-ը գնումների համար Չինաստան է գնում
Բրիտանական Economist Intelligence Unit կազմակերպությունը կազմել է շոփինգի համար լավագույն մայրաքաղաքների վարկանիշը՝ ըստ 38 կատեգորիայի։ Վարկանիշը կազմելիս քաղաքների առևտրային կենտրոնները դիտարկվել են ինչպես լյուքս դասի, այնպես էլ լայն սպառման ապրանքների գնման հարմարավետության տեսանկյունից։
Այսպես՝ շոփինգի համար լավագույն քաղաք է ճանաչվել Լոնդոնը։ Նրան հաջորդում են Բարսելոնը, Մադրիդը, Փարիզը և Հռոմը։ Այս քաղաքները հարմար են շոփինգի համար առևտրային կենտրոնների և բուտիկների թվի, դրանց տեղակայման, թեմատիկ բազմազանության, դրանցում հայտնի բրենդների առկայության, սեզոնային զեղչերի գրավչության տեսանկյունից։ Կազմակերպությունը հաշվի է առնել նաև տվյալ քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվը։
Ավելին՝ վարկանիշի հեղինակները կարևորել են վաճառողների՝ օտար լեզուների իմացությունը, գնումների համար անհրաժեշտ ծառայությունների առկայությունը՝ հարմարավետ հյուրանոցներ, հանրային տրանսպորտ, որակյալ ռեստորաններ, քաղաքակիրթ հանգիստ։ Քաղաքների դասակարգման ժամանակ Economist Intelligence Unit-ը հաշվի է առել անգամ տվյալ տարածաշրջանի կլիման։
«Զբոսաշրջություն՝ առևտրի նպատակով» կարգախոսն ավելի ու ավելի տարածված է դառնում՝ վարկանիշի արդյունքները ներկայացնելիս ասել է վարկանիշի պատվիրատու, Global Blue ընկերության (զբաղվում է Tax Free առևտրով) փոխնախագահ Էրիկ Նոյալը՝ հավելելով, որ գնումները, օրինակ, իրենց գլխավոր նպատակն են համարում Չինաստան այցելող զբոսաշրջիկների 82%-ը։
Նոյալը հիշեցրել է, որ քաղաքների հանրաճանաչությունը՝ որպես առևտրային և զբոսաշրջային կենտրոն, խիստ տարբեր է։ Օրինակ՝ զբոսաշրջային թիվ մեկ մեգապոլիս Փարիզը շոփինգի համար լավագույն չորրորդ քաղաքն է միայն։ Սա մասնավորապես պայմանավորված է փարիզյան հյուրանոցների վատ որակով, որոնք, կազմակերպության փորձագետների գնահատմամբ, գերագնահատված են որակի համեմատ։
Civilnet











