Օբաման ԱՄՆ-ի տնտեսության հույսը կապում է Ասիայի հետ
Մինչև 2014թ. ԱՄՆ-ը կրկնակի կավելացնի արտահանման ներկայիս ծավալը: Այս մասին ամերիկացիներին իր ուղերձում ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։
«Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովի ընթացքում տարածաշրջանի երկրների առաջնորդների հետ մենք համաձայնության ենք եկել որոշ հարցերի շուրջ, ինչը կդյուրացնի ամերիկյան ընկերությունների գործունեությունը արտերկրում։
Մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ մենք քննարկել ենք առևտրային մի շարք նախաձեռնություններ, որոնք կնպաստեն ամերիկյան արտահանման ծավալների մեծացմանը և մեր արտադրողների ու ֆերմերների համար լրացուցիչ աշխատատեղեր կստեղծեն։
Հոնոլուլուում՝ բարձր մակարդակի մյուս հանդիպումներում, մեծածավալ աշխատանք է կատարվել նաև խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների միջև առևտրային գործակցության մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, ինչը ևս չափազանց կարևոր է մեր տնտեսության համար»,– նշել է Օբաման։
Ինդոնեզիայում տեղի ունեցած Արևելասիական միության գագաթաժողովի ընթացքում էլ, ըստ ԱՄՆ-ի նախագահի, ամերիկյան ընկերություններին հաջողվել է մի շարք պայմանագրեր ստորագրել, ինչը ԱՄՆ-ում 130 հազ. նոր աշխատատեղ կապահովի և Նահանգների արտահանման ծավալները կավելացնի $39 մլրդ-ով։
Օբամայի կարծիքով՝ այս ամենը ԱՄՆ-ին կմոտեցնի իր առջև դրված նպատակին՝ մինչև 2014թ. կրկնապատկել արտահանման ծավալները, ինչը, նրա կարծիքով, լիովին հնարավոր է իրագործել։
Civilnet











