Էժան պաշարները միայն անցյալում են
20-րդ դարում Երկիր մոլորակի բնակչությունն ավելացել է 4 անգամ, համաշխարհային ՀՆԱ-ն՝ 20 անգամ, ինչը, իր հերթին, հանգեցրել է բնական ռեսուրսների համաշխարհային պահանջարկի 600-2000%-ով մեծացմանը։
Ընդ որում՝ ապրանքների բորսայական գները (ներառյալ գնաճը) կրկնակի նվազել են, չնայած գների նման անկումը լիովին չեզոքացել է վերջին տասը տարվա ընթացքում։ Այսպիսի տվյալներ է պարունակում McKinsey Global Institute-ի (MGI) Resource Revolution: Meeting the world's energy, materials, food, and water needs զեկույցը։
MGI-ի փորձագետների կարծիքով՝ ցածր գների դարաշրջանն անցյալում է մնացել։ MGI-ի կանխատեսմամբ՝ 2010-2030 թթ. համաշխարհային միջին խավը (մարդիկ, որոնք ծախսում են օրական $10-100՝ ըստ գնողունակության պարիտետի) ներկայիս 1,8 մլրդ-ի համեմատ կավելանա մինչև 3 մլրդ։
Պահանջարկի աճը թռիչքային կլինի այն ժամանակ, երբ հումքի նոր աղբյուրների որոնման հարցում մի շարք, այդ թվում՝ ֆինանսական, դժվարություններ առաջանան, ինչը կհանգեցնի «ռեսուրսների հեղափոխության»։ Բնական ռեսուրսներից մեկի դեֆիցիտը կամ թանկացումը կազդի նաև մյուսների վրա։ Այսպես՝ կլիմայի տաքացումը կհանգեցնի ջրոռոգման նպատակներով օգտագործվող ջրի ծավալների մեծացմանը, ինչը, իր հերթին, հիդրոէլեկտրակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալի նվազեցման պատճառ կդառնա։
Աճող պահանջարկը արդյունաբերության համաչափ աճով բավարարելու փորձը տարեկան մինչև $3 տրլն լրացուցիչ ներդրումներ կպահանջի, որը $1 տրլն-ով գերազանցում է ոչ վաղ անցյալում կատարվող ներդրումները։ Մինչ 2030թ. խմելու ջրի պահանջարկը կավելանա 30%-ով, է՛լ ավելի կսրանա չոր կլիմա ունեցող երկրներում խմելու ջրի դեֆիցիտը։
Զեկույցում նշվում է, որ արդյունաբերական մետաղների և, մասնավորապես, պղնձի նոր հանքավայրերի կեսից ավելին, ինչպես նաև չօգտագործված բերրի հողերի 80%-ից ավելին գտնվում է թերզարգացած ենթակառուցվածքներ կամ քաղաքական լուրջ խնդիրներ ունեցող երկրներում։ Ընդ որում՝ ներդրումների սուր պահանջ կզգացվի այն ժամանակ, երբ փողը դժվարամատչելի կամ թանկ կլինի։ Փորձագետների գնահատմամբ՝ լրացուցիչ միջոցների ներգրավման ծախսերը կկազմեն տարեկան $50-150 մլրդ։
Այդուհանդերձ, ներկայիս գների պահպանման պայմաններում հնարավոր կլինի տարեկան մինչև $2,9 տրլն խնայել միայն արդյունաբերության արդյունավետության բարձրացման միջոցով։ Տարեկան ևս $3,7 տրլն կարելի է խնայել գյուղատնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներին հատկացվող սուբսիդիաների, լրահատկացումների կրճատման միջոցով։
Խնայողության ճանապարհին, ըստ MGI-ի մասնագետների, պետք չէ հույսը միայն ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա դնել։ Արդյունավետության բարձրացումը նաև կապիտալ ներդրումների կարիք ունի, որը McKinsey-ն գնահատում է տարեկան $900 մլրդ։
MGI-ի փորձագետների հաշվարկով՝ ընդհանուր խնայողությունների 75%-ը հնարավոր կլինի ապահովել արդյունավետության բարձրացմանն ուղղված 15 միջոցառումների շնորհիվ։ Հատկանշական է, որ խնայողության հնարավորությունների 80%-ը կապված է զարգացող երկրների հետ։ Ըստ MGI-ի՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների վրա խաղադրույքը տարեկան $260-370 մլրդ-ի ներդրում կպահանջի։
Civilnet











