Եվրոպական բանկերը օպտիմալացնում են վարկավորումը
Ճգնաժամ վերապրող եվրոպական բանկերը սկսել են կրճատել արտերկրում վարկավորման ծավալները՝ ոչ միայն բարդացնելով տեղական ընկերությունների համար միջոցների ներգրավումը, այլև թանկացնելով փոխառությունները։
Ֆինանսավորման ներգրավման խնդիրների են առերեսվում ընկերություններն ամբողջ աշխարհում՝ Արևելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Ավստրալիայում, Աֆրիկայում, ԱՄՆ-ում։ Այս ամենը կարող է բացասաբար անդրադառնալ տնտեսության աճի տեմպերի վրա։
Փորձագետները մտավախություն ունեն, թե վարկավորման ծավալների չափավոր կրճատումը կարող է վերաճել զանգվածային ճգնաժամի, ինչպիսին հաջորդեց 2008թ. ամերիկյան Lehman Brothers բանկի սնանկացմանը։ Հատկանշական է, որ անցած տասնամյակում եվրոգոտու անդամ պետությունները զարգացող երկրներում ակտիվորեն մեծացրել են վարկավորման ծավալները և դարձել արտերկրյա ամենախոշոր վարկատուներից մեկը։
Միջազգային հաշվարկների բանկի տվյալների համաձայն՝ 2005-2011 թթ. ընթացքում այսպիսի վարկերի ծավալն աճել է 4 անգամ՝ մինչև $2,4 տրլն։ Թեև Lehman Brothers-ի սնանկացումից հետո (2008թ.) վարկերի ընդհանուր ծավալը կրճատվել էր 20%-ով, սակայն 2010թ. սկզբից այն կրկին սկսել էր աճել։
Վարկավորման ծավալների կրճատումը, ըստ փորձագետների, ներկայում կարող է բերել տնտեսական և ֆինանսական լրջագույն խնդիրների, հատկապես երբ Արևելյան Եվրոպայի երկրները մեծապես կապված են եվրոգոտու բանկերի հետ։ Չեխիայում, օրինակ, եվրոպական բանկերի տրամադրած վարկերը գերազանցում են ՀՆԱ-ի 105%-ը։
Երկրորդ տեղում Լատինական Ամերիկայի երկրներն են (Չիլիում՝ ՀՆԱ-ի 40%-ը, Մեքսիկայում՝ ՀՆԱ-ի 18%-ը, Բրազիլիայում՝ ՀՆԱ-ի 15%-ը): Եվրոպական վարկատուներից ամենաքիչ կախում ունեն ասիական երկրները (Հնդկաստանում՝ ՀՆԱ-ի 4%-ը, Չինաստանում՝ ՀՆԱ-ի 2%-ը)։
Հիշեցնենք, որ իտալական UniCredit-ը և գերմանական Commerzbank-ը վերջերս հայտարարեցին, թե մտադիր են սահմանափակել վարկավորումը ազգային հիմնական շուկաների սահմաններից դուրս։ Ըստ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոթի Գայթների՝ Եվրոպայում ֆինանսական սեկտորը ծավալուն է, եվրոպական բանկերը գործում են ամբողջ աշխարհում, ու եվրոգոտու խնդիրները զգալի ազդեցություն են գործում առաջին հերթին զարգացող երկրների վրա։
Նախանձելի վիճակում չեն նաև ամերիկյան ընկերությունները։ Եվրոպական բանկերի մասնաբաժինը ԱՄՆ-ի սինդիկացված վարկերում այս տարի կրճատվել է մինչև 20%՝ անցած տարվա 25% ցուցանիշի համեմատ։ Բրազիլիայում, օրինակ, դժվարությունների են առերեսվել ավիաընկերությունները, որոնք խնդիրներ ունեն նոր ինքնաթիռների ձեռքբերման համար միջոցների ներգրավման հարցում։
Civilnet











