Սաուդցիները հրաժարվում են ավելացնել նավթարդյունահանման ծավալները
Սաուդյան Արաբիան մտադիր է նավթի արդյունահանման ծավալները պահպանել 12 մլն բարել/օր մակարդակի վրա։ Saudi Aramco պետական նավթային ընկերության ղեկավար Խալիդ ալ Ֆալիհն այս ցուցանիշի վերանայում՝ դեպի 15 մլն բարել/օր, չի նախատեսում, գրում է բրիտանական The Financial Times պարբերականը։
Ալ Ֆալիհի խոսքով՝ եթե նախկինում թագավորության վրա որոշակի ճնշում էր գործադրվում, ներկայում այն «զգալիորեն կրճատվել» է։ Հետևապես՝ պաշտոնական Էռ Ռիյադը դադարեցնում է արտադրական հզորությունների ընդլայնման ծրագիրը, որը մեկնարկել էր դեռ 2000-ականներին, և որի համար նախատեսվում էր ծախսել $100 մլրդ: Եթե տասը տարի առաջ Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը 8,5 մլն բարել/օր մակարդակում էր, ապա ներկայում այն աճել է մինչև 10 մլն բարել/օր։ Սա վերջին 30 տարվա ամենաբարձր ցուցանիշն է։
2005թ. Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) Սաուդյան Արաբիայի համար մինչ 2030թ. թիրախային էր նախանշել նավթի 18 մլն բարել/օր արտադրությունը։ Ընթացիկ տարվա նոյեմբերին ՄԷԳ-ը ցանկալի ցուցանիշը իջեցրել էր մինչև 12,6 մլն բարել/օր։
Գործակալության փորձագետների կարծիքով՝ առաջիկայում նավթի խոշոր արտադրող կդառնա Իրաքը։ Բացի այդ՝ էներգակիրների համաշխարհային պահանջարկը բավարարել կօգնի նաև բիովառելիքը, որի հիմնական արտադրողները կլինեն Բրազիլիան, Կանադան և Ղազախստանը։
Ընթացիկ տարվա հոկտեմբերին բրիտանական Geopolicity ընկերության հրապարակած ուսումնասիրության համաձայն՝ այս տարվա սկզբից Սաուդյան Արաբիայի ՀՆԱ-ն, նավթի բարձր գների և ածխաջրածինների արտադրության ավելացման պայմաններում, աճել է 5 մլրդ-ով։
Civilnet











