Գլխավոր Լրահոս

Կեղծ տեխնոկրատներ և անփորձ ռոմանտիկներ

Կեղծ տեխնոկրատներ և անփորձ ռոմանտիկներ

Պոլ Կրուգմանը պարզել է նրանց տարբերությունը

Թեև տեխնոկրատները պետք է գործեն հիմք ընդունելով հստակ հաշվարկները, իրականությունը նրանց մասին այլ բան է վկայում։ Կեղծ տեխնոկրատների և ռոմանտիկների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի տնտեսական խնդիրների մասին իր տեսակետները Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի տնտեսագետ Պոլ Կրուգմանը շարադրել է ամերիկյան The New York Times-ում հրապարակած իր հոդվածում։ Այն թարգմանաբար և որոշ կրճատումներով՝ ստորև։

Վերջերս հաճախ եմ լսում «տեխնոկրատ» բառը, որը երբեմն օգտագործվում է վիրավորական իմաստով։ Ասում են՝ եվրոյի ստեղծողները տեխնոկրատներ են, որոնք հաշվի չեն առել մարդկային և մշակութային գործոնները։ Երբեմն այն նաև գովեստի խոսք է. օրինակ՝ Հունաստանի և Իտալիայի նոր կառավարության կազմում հիմնականում տեխնոկրատներ են, որոնք պետք է մի կողմ դնեն քաղաքական տարաձայնությունները և իրադրության փրկության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն։

Սակայն այստեղ մեկ սխալ կա. ես կարող եմ տարբերել իրական տեխնոկրատներին, որովհետև ինքս էլ հաճախ խաղում եմ այդ դերը։ Իսկ նրանք, ովքեր Եվրոպային միասնական արժույթ պարտադրեցին, և նրանք, ովքեր Եվրոպային և ԱՄՆ-ին խիստ խնայողության միջոցառումների են մղում, տեխնոկրատներ չեն։

Իրականում նրանք անփորձ ռոմանտիկներ են։ Ու նրանց ռոմանտիկ տեսությունների պատճառով հաճախ շատ զոհեր են լինում։ Նրանց տեսությունները հիմնվում են ոչ թե դրության սթափ գնահատման, այլ երազանքի վրա՝ ինչպես պետք է լինի ամեն ինչ։ Համաշխարհային տնտեսությունը փրկելու համար պետք է «գահընկեց անել» այս ռոմանտիկներին։

Սկսենք եվրոյի ստեղծումից։ Եթե կարծում եք, որ այս նախագիծը հիմնված է եղել առավելությունների և թերությունների հստակ հաշվարկի վրա, ապա սխալվում եք։ Եվրոպայի ձգտումը դեպի միասնական արժույթ, ի սկզբանե էլ կասկածելի նախագիծ էր՝ տնտեսական ցանկացած օբյեկտիվ վերլուծության տեսանկյունից։

Մայրցամաքի տնտեսությունները չափազանց տարբեր էին՝ դրամավարկային ընդհանուր քաղաքականության պայմաններում գոյատևելու համար։ Ի տարբերություն Միացյալ Նահանգների՝ եվրոպական երկրները միևնույն պետության տարբեր մասերը չեն, որոնք միասնական բյուջե և աշխատանքի շուկա ունեն։

Այդ դեպքում ինչո՞ւ էին տեխնոկրատները կողմ եվրոգոտու ստեղծմանը։

Մասամբ սա պայմանավորված էր Եվրոպայի միավորման մասին երազանքով, որը մայրցամաքի էլիտայի համար չափազանց գրավիչ գաղափար էր։ Դժբախտաբար, ամեն ինչ չդասավորվեց այնպես, ինչպես խոստացել էին։ Իրականությանը համակերպվելու փոխարեն տեխնոկրատներն իբր թե որոշեցին բարձրացնել տոկոսադրույքները՝ պնդելով, թե Հունաստանը, օրինակ, կարող է խուսափել դեֆոլտից խնայողության միջոցառումների շնորհիվ։

Թույլ տվեք ինձ առանձնացնել Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ), որը բացարձակ տեխնոկրատ ինստիտուտ է։ Անցած տարի բանկը հայտարարեց, թե տնտեսական անկման պայմաններում բյուջեի կրճատումը կնպաստի աճին։ Զարմանալի է, որ դա այդպես էլ իրականություն չդարձավ։

Իսկ այժմ, երբ Եվրոպան խոր ճգնաժամի մեջ է, մայրցամաքի առաջնորդները կրկին հավատում են գաղափարին, թե բոլոր դժբախտություններից փրկությունը կայուն գներն են։ Սա պարզապես ֆանտաստիկ համոզմունք է այն ժամանակ, երբ եվրոգոտում կանխատեսվող գնաճը չափազանց ցածր է, իսկ շուկաները տենդի մեջ են՝ սպասելով ֆինանսական կոլապսին։ Սա ավելի շատ կրոնական հայտարարություն է, քան տեխնոկրատ գնահատական։

Հստակության համար նշեմ, որ սրանք հակաեվրոպական արտահայտություններ չեն, քանի որ ԱՄՆ-ում էլ բավական շատ են կեղծ տեխնոկրատները։

Փորձագետների որոշ խմբեր բարեհաջող կերպով փոխել են տնտեսական ուղեգիծը՝ շեշտադրումը զբաղվածությունից տեղափոխելով դեֆիցիտի վրա։ Իրական տեխնոկրատներն իրենց հարց կտային՝ միթե սա նպատակահարմար է մի ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը 9% է, իսկ պարտքերի տոկոսադրույքը՝ ընդամենը 2%։ Սակայն ինչպես ԵԿԲ-ի դեպքում, ամերիկացի քննադատներն էլ սեփական հիմնավորումներն ունեն, որոնցից չեն ուզում շեղվել՝ անկախ վիճակագրական տվյալներից։

Դե՞մ եմ ես տեխնոկրատներին, ամենևի՛ն։ Ինձ դուր են գալիս տեխնոկրատները, նրանք իմ ընկերներն են։ Մեզ տեխնիկական հատուկ գիտելիքներ են անհրաժեշտ՝ տնտեսական խնդիրները լուծելու համար։ Սակայն մեր դիսկուրսն աղավաղում են տեխնոկրատ ձևացող գաղափարախոսները, երազողներն ու ռոմանտիկները։ Ժամանակն է՝ վերջ տալու նրանց այս նկրտումներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում