Եվրոընտանիքի 2012թ. կորուստները
2012թ. առնվազն մեկ պետություն կլքի եվրոգոտին։ Ընդ որում, բացի ամենահավանական թեկնածու Հունաստանից, արժութային գոտուց կարող են հեռանալ այլ երկրներ։ Այսպիսի տվյալներ է պարունակում ներդրողների շրջանում բրիտանական Barclays Capital-ի կատարած ուսումնասիրությունը։
Բանկի՝ վերջին ամիսներին անցկացրած հետազոտության տվյալների համաձայն՝ ներդրողների կեսից ավելին եվրոգոտու փլուզում է կանխատեսում։ Սա այն դեպքում, երբ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում հարցման մասնակից ներդրողների միայն 1%-ն է հավանական համարել այսպիսի սցենարը, գրում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը։
Թեև հարցվածների մեծ մասի կարծիքով՝ արժութային գոտին լքելու ամենամեծ հնարավորություններն ունի Հունաստանը, նրանց միան 5%-ն է հավանական համարում, որ արժութային գոտին կլքի խնդրահարույց ևս 4 տնտեսություն՝ Պորտուգալիան, Իռլանդիան, Իտալիան և Իսպանիան։ Ընդ որում՝ ուսումնասիրությունը փաստում է, որ Աթենքը, Լիսաբոնը և Դուբլինը միջազգային ֆինանսական աջակցություն են ստանում, հետևապես նրանք պետք է առավել կոշտ խնայողության միջոցառումներ ձեռնարկեն։
Հարցվածների 70%-ի կարծիքով՝ պարտքային ճգնաժամի պատճառով Եվրոպան կառերեսվի ռեցեսիայի, ինչը մի շարք երկրների կառավարություններին կհարկադրի ծախսերի առավել զգալի կրճատումներ կատարել։ Նախորդ ուսումնասիրություններում այս հարցը ներդրողներին չի տրվել, քանի որ ըստ Barclays Capital-ի փորձագետների՝ իրադրությունը միայն այժմ է վատթարացել, և ներդրողներն ու հասարակ քաղաքացիները միայն վերջին եռամսյակում են սկսել խոսել այս մասին։
Հատկանշական է, որ այս շաբաթ Գերմանիայի Կենտրոնական բանկը զգալիորեն նվազեցրել է եվրոգոտու տնտեսական աճի կանխատեսումը՝ միաժամանակ զգուշացնելով, որ Բեռլինը ռեցեսիայի դեպքում չի կարող ընդլայնել ֆինանսական աջակցությունը առավել թույլ տնտեսություններին։ Այսպես՝ Bundensbank-ի կանխատեսմամբ՝ 2012թ. եվրոգոտու տնտեսական աճը կկազմի 0,5-1%՝ ընթացիկ տարվա հունիսի 1,8% կանխատեսման դիմաց։
Հարցման տվյալները վկայում են նաև այն մասին, որ ներդրողները չեն հավատում, թե քաղաքական գործիչների ջանքերն ունակ են հաղթահարել ճգնաժամը։ Հարցվածների 59%-ը չի հավատում, որ պարտքային խնդիրները կլուծվեն մոտ ապագայում, 3%-ի կարծիքով՝ ընդունելի լուծման հնարավոր կլինի հասնել առաջիկա 3 ամսում։
Ըստ ուսումնասիրության հեղինակ Փոլ Ռոբինսոնի՝ շատերը կարծում են, որ եվրոգոտին առաջինը կլքի Հունաստանը, չնայած սա բավարար չի լինի ճգնաժամը լիովին հաղթահարելու համար։ Ներդրողների կանխատեսմամբ՝ խնդրին կմիջամտի Եվրոպական կենտրոնական բանկը, որը կզբաղվի հիմնականում խնդրահարույց տնտեսությունների պետպարտատոմսերի ձեռքբերմամբ։
Ուշագրավ է, որ հարցվածների 70%-ը չի ցանկանում է, որ պարտքային ճգնաժամը ձգձգվի։
Civilnet











