Պարտատոմսերի եկամտաբերությունը ռեկորդային բարձր է
Նախօրեին իտալական 2-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է ռեկորդային 7,81%-ի: Այս մասին գրում է իտալական Corriere della Sera-ն։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տեղաբաշխման ժամանակ այս ցուցանիշը 4,6% էր։
Սփրեդն աճել է 511 բազիսային կետով, ինչը բացառիկ երևույթ է Իտալիայի համար՝ եվրոյի ներդրումից ի վեր։ Նախօրեին այս ցուցանիշը կազմել է 502 կետ։ Համանման ռեկորդային տվյալներ են արձանագրվել նաև Իսպանիայում։
Իտալիայում, ընդհանուր առմամբ, վերջին աճուրդի ընթացքում տեղաբաշխվել է €10 մլրդ-ի արժեթուղթ։ Վեցամսյա մուրհակների եկամտաբերությունը 3,5%-ից աճել է մինչև 6,5%։ Միաժամանակ, իտալական բորսայում արձանագրվում է հիմնական ընկերությունների բաժնետոմսերի արժեզրկում։
Հիշեցնենք, որ եվրոպական ճգնաժամն իր բոլոր դրսևորումներով Իտալիա հասավ այս ամսվա սկզբին՝ արտահայտվելով 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերության ռեկորդային բարձրացմամբ՝ 6,73%։ Երկրում հասունացող տնտեսական ճգնաժամի ֆոնին Իտալիայի խորհրդարանը հակաճգնաժամային միջոցառումների փաթեթը հաստատեց միայն Սիլվիո Բեռլուսկոնիի հրաժարականի հաշվին։ Ներկայում Իտալիայի արտաքին պարտքը €1,9 տրլն է։
Civilnet











