Գլխավոր Լրահոս

Դեֆոլտների շարք եվրոգոտում

Դեֆոլտների շարք եվրոգոտում

Թեև սա հիմնական սցենարը չէ, բայց այն դիտարկվում է

Եվրոգոտու պարտքային ճգնաժամի խորացումը, վերջինիս հաղթահարման համար վճռական միջոցառումների բացակայության պայմաններում, սպառնում է Եվրամիության բոլոր երկրների վարկային վարկանիշներին։

Այս մասին է վկայում միջազգային վարկանշային Moody's գործակալության երեկ հրապարակած հատուկ հաշվետվությունը։

Գործակալության փորձագետները շարունակում են զուսպ ձևակերպումներ օգտագործել՝ «Moody's-ը դեռ չի վերանայում հիմնական սցենարը, ըստ որի՝ եվրոգոտում մասշտաբային ցներ չեն կանխատեսվում»։

Այդուհանդերձ, գործակալությունը երկրների վարկանիշների իջեցում է կանխատեսում։ Գործակալության փորձագետների կարծիքով՝ ճգնաժամի լուծման քաղաքական կամք ի հայտ կգա միայն մի շարք ցնցումներից հետո։

Հաշվետվությունում նշվում է, որ եվրոգոտում դեֆոլտների հավանականությունը մեծանում է պարտքային ճգնաժամի լուծման ձգձգմանը համընթաց։ Դեֆոլտների շարքը կմեծացնի եվրոգոտու անդամ պետությունների թվի նվազեցման ռիսկը, որի դեպքում եվրոյի ֆրագմենտացիան, վարկանիշների իջեցման բացասական էֆեկտը կազդի եվրոգոտու և ԵՄ բոլոր երկրների վրա, գրում է Moody's-ը։

Եվրոգոտու շուկաների կայունացման ուղղությամբ քաղաքական էական նախաձեռնությունների բացակայության պայմաններում չի բացառվում, որ գործակալությունը կվերանայի եվրոպական սուվերեն վարկանիշներն արդեն 2012թ. 1-ին եռամսյակում։

Երեկ եվրոպական շուկաները բացվել են չափավոր աճով՝ արձագանքելով լուրերին, թե Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ֆինանսական օգնության €600 մլրդ-ի փաթեթ է նախատեսում Իտալիայի համար, իսկ Ֆրանսիան և Գերմանիան եվրոգոտու երկրների համար հարկաբյուջետային միության տարբերակներ են քննարկում։

ԱՄՀ-ն արդեն հերքել է Իտալիային օգնություն ցուցաբերելու մասին լուրերը։ Դրանք մեկնաբանել հրաժարվել է նաև Եվրոպական կենտրոնական բանկի կառավարիչ խորհրդի ներկայացուցիչ Քրիստիան Նուայեն՝ նշելով, թե Իտալիայի տնտեսությունն իրականում առողջ է, և երկիրն ինքնուրույն կարող է վերադարձնել ներդրողների վստահությունը։

Նուայեն լիովին բացառել է ոչ միայն սուվերեն պարտքերի պատճառով եվրոգոտու փլուզման հավանականությունը, այլև այլընտրանքային «Բ» ծրագրի գոյությունը։ Նուայեն չի աջակցել նաև ԵԿԲ-ի կողմից պետական պարտատոմսերի մեծածավալ գնումների գաղափարին, ինչը, նրա կարծիքով, կարճաժամկետ հեռանկարում սպառնալու է գնաճով, երկարաժամկետ հեռանկարում՝ անկայուն եվրոյով։

Հիշեցնենք, որ անցած շաբաթվա վերջին իտալական 2-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը հասել էր ռեկորդային 7,81%-ի՝ նախորդ տեղաբաշխման 4,6%-ի համեմատ։ Վերջին աճուրդի ընթացքում տեղաբաշխվել էր €10  մլրդ-ի արժեթուղթ։ Վեցամսյա մուրհակների եկամտաբերությունը 3,5%-ից աճել էր մինչև 6,5%։ Միաժամանակ, իտալական բորսայում արձանագրվել էր հիմնական ընկերությունների բաժնետոմսերի արժեզրկում։

Հետաքրքրական է, որ ըստ ամերիկյան The Wall Street Journal-ի՝ եվրոպական էլեկտրոնային աճուրդների օպերատորները ազգային արժույթներին՝ հունական դրահմային և իտալական լիրային վերադառնալու սթրես թեստեր են անցկացնում։

Ավելին՝ ուրբաթ ամերիկյան BofA Merrill Lynch-ը հրապարակել է եվրոգոտու փլուզման իր սցենարը, որում հաշվարկել է գերմանական մարկի փոխարժեքը ֆրանսիական ֆրանկի և իտալական լիրայի նկատմամբ։ Ընկերության փորձագետների կարծիքով՝ թեև սա եվրոգոտու պարտքային ճգնաժամի զարգացման հիմնական սցենարը չէ, այդուհանդերձ արժե այն դիտարկել։

Ուշագրավ է, որ եվրոպական բանկերը 2011թ. վաճառել են $413 մլրդ-ի պարտատոմս, այն դեպքում, երբ այս տարի մարման ենթակա է $654 մլրդ-ի արժեթուղթ։ Եվրոպայի բանկերին, փաստորեն, անհրաժեշտ կլինի ևս $241 մլրդ՝ ներդրողներին վճարելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում