Գլխավոր Լրահոս

Հիմա էլ Fitch-ը չի հավատում ԱՄՆ-ին

Հիմա էլ Fitch-ը չի հավատում ԱՄՆ-ին

Standard & Poor's-ը՝ Ֆրանսիային, Moody's-ը՝ եվրոպական բանկերին

Երեկ Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունն ԱՄՆ-ի սուվերեն վարկային վարկանիշի կանխատեսումը «կայունից» իջեցրել է «բացասականի»։ Այս որոշումը գործակալությունը պայմանավորել է բյուջեի դեֆիցիտի կրճատման միջոցառումների շուրջ Կոնգրեսի անվճռականությամբ։

Երկրի վարկային վարկանիշը, այդուհանդերձ, թողնվել է առավելագույն՝ АAA մակարդակի վրա, թեև Fitch-ը չի բացառել ԱՄՆ-ի վարկանիշի նվազեցում, եթե իշխանություններն ապագայում վստահության արժանի միջոցառումներ չձեռնարկեն։ Նշենք, որ վարկանիշի «բացասական» կանխատեսումը առաջիկա երկու տարում դրա իջեցման 50-տոկոսանոց հավանականություն է նշանակում։

Մեղավորը «սուպերհանձնաժողովն» է

Փորձագետները տրամաբանական են համարում Fitch-ի այս որոշումը, հատկապես երբ նոյեմբերի 22-ին Կոնգրեսի հատուկ հանձնաժողովն այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ բյուջետային ծախսերը առաջիկա տասը տարում $1,2 տրլն-ով կրճատելու շուրջ։ Դեմոկրատների և հանրապետականների միջև բյուջեի դեֆիցիտի կրճատման շուրջ բանակցությունները շարունակվում են կես տարուց ավելի։

Դեմոկրատներն առաջարկում են դեֆիցիտը կրճատել սոցիալական ոլորտի բարեփոխման, փոքր բիզնեսի զարգացման և մեծահարուստների համար հարկերի սահմանման միջոցով, մինչդեռ հանրապետականները «հարկային արձակուրդներ» են պահանջում խոշոր բիզնեսի համար և առաջարկում կրճատել սոցիալական ծրագրերը։

Տարաձայնությունների հարթման համար կողմերը որոշեցին ստեղծել հատուկ հանձնաժողով, որն անցած շաբաթ այդպես էլ չկարողացավ փոխհամաձայնության գալ։ Արևմտյան մամուլը հեգնանքով այս հանձնաժողովը երբեմն «սուպերհանձնաժողով» է անվանում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Standard&Poor's (S&P) վարկանշային գործակալությունը ԱՄՆ-ի վարկանիշն անփոփոխ էր թողել՝ պայմանով, որ դիսկրեցիոն (ոչ կենսական նշանակություն ունեցող) ծախսերի սահմանափակումները կպահպանվեն։

Fitch-ի հերթական զոհերը

Երեկ Fitch Ratings-ը վերանայել է նաև ամերիկյան հիփոթեքային խոշորագույն գործակալությունների՝ Fannie Mae-ի և Freddie Mac-ի վարկանիշների կանխատեսումը՝ «կայունից» «բացասականի»։ Գործակալությունների թողարկողի դեֆոլտի վարկանիշը (Issue Default Rating կամ IDR) թողնվել է անփոփոխ՝ AAA։

Քանի որ Fannie Mae-ի և Freddie Mac-ի վարկունակությունը մեծապես կապված է պետական հատկացումներից, Fitch-ի փորձագետները նպատակահարմար են համարել այս ընկերությունների վարկանիշը վերանայել ԱՄՆ-ի սուվերեն վարկանիշի կանխատեսման վերանայմանը զուգահեռ։ Հիշեցնենք, որ 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամը սկսվեց ԱՄՆ-ի հիփոթեքային շուկայի խնդիրներից։

ԱՄՆ-ը չի օգնի Եվրոպային

Մինչ Fitch-ն իջեցնում է Միացյալ Նահանգների վարկանիշը, Վաշինգտոնում շարունակվում է ԵՄ-ԱՄՆ գագաթաժողովը։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գագաթաժողովի շրջանակում ունեցած ելույթի ընթացքում բացառել է Եվրամիությանը ճգնաժամի հաղթահարման գործում ֆինանսական օգնության տրամադրման հնարավորությունը։

Օբամայի խոսքով՝ ԵՄ-ն բավականաչափ ռեսուրսներ ունի ճգնաժամը սեփական ուժերով հաղթահարելու համար։ ԱՄՆ-ի նախագահը մեկ անգամ ևս կարևորել է Եվրոպայի տնտեսական կայունության անհրաժեշտությունը Միացյալ Նահանգների առանց այն էլ «փխրուն» տնտեսության համար։

Fitch-ն Ավստրալիային ավելի բարձր է դասում

ԱՄՆ-ի վարկանիշի բացասական կանխատեսման ֆոնին հատկանշական է Ավստրալիայի վարկանիշի բարձրացումը։ Fitch-ը երեկ բարձրացրել է այս երկրի՝ օտարերկրյա արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը՝ AA+ մակարդակից մինչև առավելագույն AAA։ Տեղական արժույթով վարկանիշը ևս հաստատվել է AAA մակարդակում։ Երկու վարկանիշների կանխատեսումն էլ «կայուն» է։

Fitch-ի փորձագետների կարծիքով՝ վարկանիշի բարձրացումը վկայում է Ավստրալիայի վարկունակության, ինչպես նաև տնտեսական ճկուն քաղաքականության մասին։ Ավելին՝ գործակալությունը 2012-2013 թթ. համար կանխատեսում է Ավստրալիայի ՀՆԱ-ի 3,4%-անոց աճ։

Սպառնալիքների շարքից

Վարկանշային եռյակից Moody's-ը վարկային պարտավորությունների վարկանիշների մեկ-երկու մակարդակի իջեցմամբ է սպառնացել եվրոպական 87 բանկերի՝ 15 երկրներից։ Որոշումը գործակալությունում պայմանավորել են նրանով, որ եվրոպական մի շարք կառավարություններ կարող են այլևս չաջակցել խնդրահարույց բանկերին։

Առաջիկա տասը օրերին Standard & Poor's-ը, իր հերթին, կարող է Ֆրանսիայի սուվերեն առավելագույն AAA վարկանիշի կանխատեսումը «կայունից» վերանայել «բացասականի», գրում է ֆրանսիական La Tribune պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Պարբերականի պնդմամբ՝ կանխատեսումը գործակալությունում պատրաստվել են վերանայել դեռևս անցած ուրբաթ, սակայն վերջին պահին անհայտ պատճառներով վերանայել են այս որոշումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում