Պարտքային ճգնաժամը սահմաններ չի ճանաչում
Սուվերեն պարտքային ճգնաժամը վաղուց արդեն դուրս է եկել եվրոգոտու սահմաններից և հասել տարածաշրջան, մասնավորապես՝ հարևան Թուրքիա։ Նախօրեին Թուրքիայի 2-ամյա պետպարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 10,9%՝ սեպտեմբերի վերջի 8,4%-ի համեմատ, հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալության հարցմանը մասնակցած ներդրողներն առաջիկայում ևս թուրքական պետպարտատոմսերի եկամտաբերության աճ են ակնկալում՝ մինչև 12,4%։
Ըստ Bloomberg-ի՝ Թուրքիայի պետական պարտատոմսերի եկամտաբերության աճն ամենաբարձրն է զարգացող երկրների շարքում։ Օրինակ՝ Հունգարիայի, որը վերջերս դիմել էր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) օգնությանը, պետական պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է մինչև 8,8%՝ սեպտեմբերի 7%-ի համեմատ։
Համեմատության համար նշենք, որ ներքաղաքական ճգնաժամ վերապրող և հակակառավարական ցույցերով համակված Եգիպտոսի 1-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը մեկ ամսվա ընթացքում 13,9%-ից հասել է 14,9%-ի։
Հատկանշական է, որ զարգացող երկրների փոխառությունների թանկացումը տեղի է ունենում եվրոգոտու պարտքային ճգնաժամի խորացման ֆոնին։ Շաբաթվա սկզբում Իտալիայի 3-ամյա պետպարտատոմսերի եկամտաբերությունը ռեկորդային նոր մակարդակ է գրանցել՝ 7,89%՝ նախորդ ամսվա 4,93%-ի դիմաց։ 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է 7,56%-ի՝ 6,06%-ի դիմաց։
Զարգացող երկրների շարքում յոթերորդ տնտեսություն համարվող Թուրքիան փաստորեն բախվել է նույն խնդիրներին, որոնց առերեսվել են զարգացող մյուս երկրները՝ տնտեսական աճի տեմպի դանդաղում և ռիսկային ակտիվների նկատմամբ ներդրողների պահանջարկի անկում։ Թուրքիայի կառավարությունը մտադիր է պայքարել 7,7% գնաճի դեմ՝ առանց փոխառությունների արժեքի կողմնորոշչի բարձրացման։ Այսպիսի քայլը միջազգային վարկանշային Fitch գործակալությունը «ոչ ավանդական» է որակել։
Անցած շաբաթ Թուրքիայի կառավարությունը հայտարարեց, թե ՀՆԱ-ի կանխատեսվող 4% աճը հաջորդ տարի կարող է նվազել պարտքային ճգնաժամի ազդեցության պատճառով։ Ավելի վաղ Fitch-ը 2011թ. համար Թուրքիայի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 7,5%-ից նվազեցրել էր մինչև 2,2%։
Հիշեցնենք, որ 2009թ. Թուրքիայի կառավարությունն օգտվեց ԱՄՀ աջակցությունից՝ ի հեճուկս երկրի կառավարության հայտարարությունների, թե ճգնաժամը որևէ կերպ չի անդրադառնա Թուրքիայի վրա։ Էրդողանի կառավարությունը նաև համալիր միջոցառումներ ձեռնարկեց՝ դեպի երկիր գումարային միջոցների ներհոսք ապահովելու համար։
Civilnet











