Գլխավոր Լրահոս

Մեծ դեպրեսիայի ստվերը

Մեծ դեպրեսիայի ստվերը

Ինչքանով է իրատեսական 1930-ականների սցենարը

Կկրկնվի՞ արդյոք Մեծ դեպրեսիան։ Թվում է՝ աշխարհն արդեն դրա շեմին է, թեև անցյալի սխալների գիտակցումը կկանխի տնտեսական նոր աղետները, գրում է բրիտանական The Financial Times-ի հոդվածագիր Գիդեոն Ռահմանը։ Հոդվածը թարգմանաբար և որոշ կրճատումներով՝ ստորև։

Վերջերս Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին զգուշացրեց՝ մենք կանգնած ենք անդունդի եզրին։ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, իր հերթին, կրկնեց. «Եթե եվրոն փլուզվի, ապա կփլուզվի ողջ Եվրոպան։ Այն սարսափելի պատերազմներ տեսած մայրցամաքի խաղաղության երաշխիքն է»։

Եվրոպացի քաղաքական գործիչները հաճախ են քարոզում պատերազմի սպառնալիքի լեզվով՝ կարևորելու համար միասնական Եվրոպայի գաղափարը։ Ուրիշ ժամանակներում եվրոպացիները լուրջ չէին ընդունի այսպիսի հայտարարությունները։ Արևմտյան խաղաղ Եվրոպայում մեծացած սերնդի համար պատերազմի սպառնալիքն իրատեսական չէ։ Եվ իրոք, հետպատերազմյան տարիների սերունդը վարժվել է բարեկեցիկ կյանքին։

Նացիզմը պարտվեց, տապալվեցին Իսպանիայի, Պորտուգալիայի և Հունաստանի դիկտատուրաները, Խորհրդային կայսրությունը ևս փլուզվեց, Հարավային Աֆրիկայում վերջ տրվեց ապարտեիդին։ Խաղաղությունն ու բարեկեցությունն Արևմուտքում այս սերնդի համար դարձել է նորմա։

Ներկայում Եվրոպայում բավական մեծ է տնտեսական ճգնաժամի ռիսկը՝ պետպարտքի դեֆոլտի սպառնալիք, միասնական եվրոպական արժույթի անկում, զանգվածային խուճապի, տնտեսական անկումների, գործազրկության և բանկերի սնանկացման հեռանկար։

Սա իսկապես նման է Մեծ դեպրեսիայի ժամանակակից սցենարին։ Ու քանի որ Եվրամիությունն աշխարհի խոշորագույն տնտեսությունն է, տնտեսական քաոսն անխուսափելիորեն գլոբալ հետևանքներ կունենա համաշխարհային առևտրի և ֆինանսական համակարգի համար։

1930-ականների դասերը հուշում են, որ գլոբալ դեպրեսիան թուլացնում է ժողովրդավարությունը, ամրապնդում արմատական տրամադրություններով քաղաքական ուժերի դիրքերը, մեծացնում միջազգային կոնֆլիկտների սպառնալիքը։ 1930-ականների ժամանակակից սցենարը իշխանության կբերի նոր ազգայնական քաղաքական ուժերի՝ տնտեսական քաոսի և ԵՄ-ի քայքայման ֆոնին։

Լարվածությունը կաճի նաև Եվրոպայի սահմաններից դուրս։ Չինաստանում և ԱՄՆ-ում տնտեսական ճգնաժամը կհանգեցնի ազգայնական և պրոտեկցիոնիստական ուժերի ազդեցության աճին։ Ու թեև այս սցենարները բավական իրատեսական են, այլ զուգահեռներ ևս կան՝ 1930-ականների վերադարձը քիչ հավանական է՝ երեք պատճառով։

Առաջին՝ 80 տարի առաջ գործած սխալների միայն գիտակցումը քաղաքական գործիչներին հեռու կպահի նախկին մոլորություններից։ Երկրորդ՝ 1945-ից հետո 66-ամյա խաղաղությունն իրականում վկայում է քաղաքակրթության առաջընթացի և ոչ համաշխարհային պատմության երջանիկ ընթացքի մասին։

Երրորդ՝ զարգացած երկրները ներկայում ֆինանսական բարեկեցության ավելի բարձր մակարդակ ունեն, քան 1930-ականներին էր։ Տնտեսական անկման դեպքում մարդիկ կարող են կորցնել խնայողությունները, աշխատատեղերն ու բնակարանները, սակայն դժվար հասնեն ծայրահեղ աղքատության եզրին։

Այսպիսով՝ թեև տնտեսական խիստ ճգնաժամը չափազանց իրատեսական է, մենք հազիվ թե կրկին առերեսվենք պատերազմի ռիսկին։ Մյուս կողմից՝ սա կարող է միայն մի սերնդի երևակայության արդյունք լինել, որը մեծացել է աննախադեպ խաղաղության և բարեկեցության ժամանակներում, եզրափակում է Գիդեոն Ռահմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում