Չբացառելով վարկանիշի իջեցումը
Երեկ միջազգային վարկանշային Moody's գործակալությունը Թուրքիայի սուվերեն վարկային վարկանիշը հաստատել է Ba2 մակարդակում՝ «դրական» կանխատեսմամբ։
Գործակալության երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ մասնագետների այս գնահատականը վկայում է միջազգային ֆինանսական ճգնաժամի պայմաններում Թուրքիայի տնտեսության կայունության մասին։
Ըստ Moody's-ի կանխատեսման՝ կառավարության հարկաբյուջետային քաղաքականության շնորհիվ երկիրը կարող է հաջող դիմակայել նաև գլոբալ շուկայի ցնցումներին։
Ըստ գործակալության՝ Անկարայի հիմնական խնդիրը երկրի վճարային հաշվեկշռի դեֆիցիտն է, ինչը Թուրքիայի տնտեսությունը խոցելի է դարձնում արտաքին առևտրի սալդոյի փոփոխման դեպքում՝ որոշակիորեն արգելակելով նաև տնտեսության աճը։
Moody's-ը ողջունել է նաև Թուրքիայի կառավարության՝ դիսբալանսի հաղթահարման ուղղությամբ կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումները, ինչը տնտեսության աճի համար դրական հեռանկար է ստեղծում։
Գործակալությունը Թուրքիայի վարկանիշի բարձրացումը հավանական է համարում արդյունավետ հարկային և դրամավարկային քաղաքականության դեպքում, ինչը, իր հերթին, կարող է հավասարակշռել երկրի վճարային հաշվեկշիռը։ Հակառակ դեպքում Moody's-ը չի բացառել Թուրքիայի վարկանիշի իջեցումը։
Civilnet











