Empire State Building-ը վերածվելու է հանրային սեփականության
Նյու Յորքի այցեքարտ համարվող Empire State Building երկնաքերի սեփականատերերը մտադիր են շինությունը վաճառել ֆոնդային բորսայում։ Այսպիսով՝ բոլոր ցանկացողները կարող են ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքի ամենաբարձր շինության սեփականատերը դառնալ։
Empire State Building-ը 102-հարկանի շինություն է և ունի 443 մ բարձրություն։ Երկնաքերի սեփականատեր «Մալքին հոլդինգս»-ն իր այս մտադրության մասին պաշտոնապես արդեն տեղեկացրել է ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին։
Երկնաքերը և հոլդինգին պատկանող ևս երկու շինություններ կներառվեն նոր ստեղծվելիք ներդրումային հիմնադրամում, գրում են արևմտյան լրատվամիջոցները։ Ընդ որում՝ «Մալքին հոլդինգս»-ում նշել են, թե IPO-ի անցկացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պատրաստ կլինեն առաջիկա երեք ամսվա ընթացքում։
Նշենք, որ «Մալքին հոլդինգս»-ը Empire State Building-ը ձեռք էր բերել 2002թ.։ Այս ժամանակահատվածում ընկերությունը մի շարք քայլեր է ձեռնարկել շինության արդիականացման ուղղությամբ՝ անվտանգության համակարգերի ներդրման, տեխնիկական հագեցվածության և էներգաարդյունավետության մակարդակի բարձրացման տեսանկյունից։ Այս նպատակների համար հոլդինգը ծախսել է ավելի քան $500 մլն, որի արդյունքում շինության արժեքը գրեթե կրկնապատկվել է՝ $1,5 մլրդ։
Empire State Building-ը կառուցվել է 1931թ., 1986թ. ընդգրկվել է ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձանների ցանկում։ Նյու Յորքի ամենաբարձր շինության տիտղոսը մի քանի տասնամյակով անցել էր Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ աշտարակներին, սակայն 2001թ. ահաբեկչությունից հետո այն կրկին վերադարձավ Empire State Building-ին։
Civilnet











