Մերկոզիի կոչը ողջ Եվրոպային
Եվրոգոտու հակաճգնաժամային պայքարը նման է մարաթոնյան վազքի։ Ճգնաժամի հաղթահարումը կարող է մի քանի տարի տևել, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ եվրոգոտու երկրները հարկաբյուջետային խիստ միջոցառումների դիմեն։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, երեկ Բունդեսթագում այսպիսի հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, իր հերթին, Տուլոն քաղաքում ունեցած ելույթի ընթացքում բոլորին կոչ է արել նայել ճշմարտության աչքերին, քանի որ ճգնաժամն իսկապես կարող է քայքայել միասնական Եվրոպան։
Մերկելը մերժել է միասնական եվրապարտատոմսերի թողարկման գաղափարը։ «Գերմանիայի կառավարությունը հստակ հասկացրել է, որ եվրոպական պարտքային ճգնաժամն անհնար է լուծել միանգամից՝ մեկ գիշերում։ Ճգնաժամից հրաշքով չես փրկի։ Արագ և պարզ լուծում չկա։
Սուվերեն պարտքի ճգնաժամի հաղթահարումը երկարատև գործընթաց է և կշարունակվի մի քանի տարի»,– ասել է Մերկելը՝ կոչ անելով չդիմել այնպիսի միջոցների օգտագործման, որոնք հետո իրենց են վնասելու։ «Մարաթոնյան վազքի մասնակիցները հաճախ են ասում, որ հատկապես բարդ է վազել 35-րդ կմ-ից հետո։
Նրանք նաև ասում են, թե վերջնակետ հասնելու համար պետք է սկզբից ևեթ գիտակցել խնդրի ողջ էությունը։ Նրանք, ովքեր վազքը սկսում են բոլորից արագ, սովորաբար հաջողության չեն հասնում»,– ասել է կանցլերը։
Ավելին՝ Մերկելը եվրոգոտու երկրների հարկաբյուջետային քաղաքականության նոր՝ խիստ սկզբունքների ներդրմանն այլընտրանք չի տեսնում։ Դրա համար անհրաժեշտ է նաև փոփոխություններ կատարել համաեվրոպական համաձայնագրերում, ասել է Մերկելը՝ հավելելով, որ այս հարցը ինքը դեկտեմբերի 5-ին Փարիզում քննարկելու է Ֆրանսիայի նախագահի հետ։ Կանցլերը ցանկություն է հայտնել, որ եվրոգոտու խոշոր երկրները առանձին երկրների բյուջեների վերահսկողության լիազորություն ստանան։
Սարկոզին, իր հերթին, ԵՄ երկրներին կոչ է արել նոր պայմանագիր կնքել, որը կնախատեսի բյուջետային միջոցառումների խստացում, Եվրոպական արժութային հիմնադրամի ստեղծում և այլն։ «Եկե՛ք չթաքցնենք ճշմարտությունը՝ ճգնաժամը կարող է վերացնել Եվրոպան, եթե նա ուժեղ կամք չդրսևորի և չփոխվի» – ասել է Սարկոզին՝ մտավախություն հայտնելով, որ եվրոյի անկման դեպքում Ֆրանսիայի պետպարտքը վերահսկողությունից դուրս կգա, և բնակչության խնայողությունները հօդս կցնդեն։
Ֆրանսիայի նախագահը կոչ է արել ձևավորել «միջկառավարական Եվրոպա», որը երկրներին ավելի մեծ ինքնիշխանություն կտա՝ գործողությունների ավելի լայն հնարավորություններ ընձեռելով։
Երեկ համանման գաղափարներ է արտահայտել նաև Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսը։ Նա Բրյուսելին առաջարկել է բարձրացնել հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետությունը։
Civilnet











