ՄԱԿ-ում նույնպես վերանայում են կանխատեսումները
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2012թ. համար համաշխարհային տնտեսության աճի իր հոկտեմբերյան կանխատեսումը (4%), ամենայն հավանականությամբ, դեպի նվազում կվերանայի։
Երեկ այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՀ ներկայացուցիչ Ջերի Ռայսը, հաղորդում է Reuters-ը։ Համաշխարհային տնտեսության աճի իր կանխատեսումը երեկ դեպի նվազում վերանայել է նաև ՄԱԿ-ը։
Ըստ Ռայսի՝ այս տարվա հոկտեմբերին կառույցի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներ» (World Economic Outlook) զեկույցի հրապարակումից հետո գործարար ակտիվության նվազում է արձանագրվել։
Ըստ Ռայսի՝ ներդրողների շրջանում անորոշության և անվստահության աճը պայմանավորված է համաշխարհային ֆինանսական շուկաների ընդհանուր անկայունությամբ։ Ավելի վաղ՝ այս հինգշաբթի, ԱՄՀ կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդը Բրազիլիա իր այցի ընթացքում հայտարարել էր, թե «համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը անպայմանորեն նվազեցվելու է»։
Reuters-ի հաղորդմամբ՝ ԱՄՀ-ն իր կանխատեսումների փոփոխության մասին կհայտարարի 2012թ. հունվարին։ Հոկտեմբերին հրապարակված զեկույցի համաձայն՝ ինչպես այս տարվա, այնպես էլ 2012թ. համար կառույցը համաշխարհային տնտեսության 4% աճ էր կանխատեսել։
Ըստ Ռայսի՝ ԱՄՀ տնօրենների խորհրդի դեկտեմբերի 5-ի նիստին կքննարկվի նաև Հունաստանին վարկային հերթական՝ այս անգամ €2,2 մլրդ տրանշի հատկացման հարցը։ Այս շաբաթ Աթենքին €5,8 մլրդ տրամադրելու մասին որոշում էին կայացրել նաև եվրոգոտու անդամ երկրների ֆինանսների նախարարները։ Ակնկալվում է, որ €8 մլրդ-ը Հունաստանը կստանա մինչ ընթացիկ տարվա դեկտեմբերի կեսերը։
Երեկ ՄԱԿ-ը զգալիորեն նվազեցրել է 2012թ. համաշխարհային տնտեսության աճի իր կանխատեսումը։ Այս մասին են վկայում ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական հարցերի վարչության (DESA) զեկույցի տվյալները։ ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով՝ հաջորդ տարի համաշխարհային տնտեսությունը, բազային սցենարի իրականացման դեպքում, կաճի 2,6%-ով, ինչը 1-տոկոսային կետով զիջում է ավելի վաղ արված կանխատեսումը։
Մասնագետներն այս սցենարը խարսխում են այն մոտեցման վրա, որ եվրոգոտու պարտքային ճգնաժամը կսահմանափակվի Հունաստանով և համեմատաբար կանոնավոր կերպով կհաղթահարվի։ Հոռետեսական սցենարի դեպքում (անկանոն դեֆոլտ Եվրոպայում) զարգացած երկրները ևս կհայտնվեն ճգնաժամում, իսկ համաշխարհային տնտեսության աճը չի գերազանցի 0,5%-ը։
Civilnet











