Բանկին 10,5 մլն ֆունտ ստեռլինգ են տուգանել
Մեծ Բրիտանիայի Ֆինանսական կարգավորման և վերահսկողության վարչությունը (Financial Services Authority, FSA) բրիտանական HSBC բանկին 10,5 մլն ֆունտ ստեռլինգով տուգանել է տարեց հաճախորդներին ոչ ճիշտ խորհուրդներ տալու համար։ Բացի այդ՝ ըստ FSA-ի մամլո հաղորդագրության՝ բանկը պետք է 29 մլն ֆունտ փոխհատուցում վճարի։
2005-2010 թթ. HSBC-ի դուստր NHFA աշխատակիցները 2485 հաճախորդի, որոնց միջին տարիքը եղել է 83, խորհուրդ են տվել գումարները ներդնել 5-ամյա մարման ժամկետով ֆինանսական գործիքներում։ Ըստ բիտանական կարգավորիչի՝ այս խորհուրդները տեղին չեն եղել, քանի որ բանկի մասնագետները հաշվի չեն առել հաճախորդների տարիքը։
Այն հաճախորդները, որոնք վստահ չեն եղել, թե կյանքին հրաժեշտ չեն տա, մինչև բանկը կհասցնի վճարել իրենց, վաղաժամկետ հանել են գումարները՝ այդպիսով կորցնելով նաև եկամուտները։
FSA-ի տվյալների համաձայն՝ NHFA-ի աշխատակիցները ոչ ճիշտ խորհուրդներ են տվել հետաքննվող դեպքերի շուրջ 87%-ի դեպքում։ Այս ճանապարհով ներդրված գումարների ընդհանուր ծավալը 285 մլն ֆունտ ստեռլինգ է, և մեկ հաճախորդին բաժին է ընկնում միջինը 114 հազ. ֆունտ։
Նշենք, որ բրիտանական կարգավորիչի՝ HSBC-ի համար սահմանված 10,5 մլն-ը առևտրային բանկերի համար երբևէ սահմանված ամենամեծ տուգանքն է։ Հատկանշական է, որ ֆինանսական կազմակերպությունները հաճախ են մեղադրվում հաճախորդներին մոլորեցնելու կամ ֆինանսական գործիքների մասին ոչ լիարժեք տեղեկատվություն տրամադրելու մեջ։
Համանման, ավելի խիստ մեղադրանք առաջադրվել է նաև մի խումբ բանկերի, որոնք, ըստ իշխանությունների, 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում տեղյակ են եղել հիփոթեքային պարտատոմսերի խնդրահարույց լինելուց, սակայն նախընտրել են հաճախորդներին այս մասին չտեղեկացնել։
Civilnet











