Այս անգամ՝ ԱՄՆ-ը ընդդեմ Չինաստանի
ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար Բեն Բեռնանկեն Չինաստանին սպառնում է գնաճով, գրում է բրիտանական The Financial Times-ը՝ հիմք ընդունելով ներդրումային բանկիր Ջեյմս Ռիկարդսի «Արժութային պատերազմներ. հաջորդ գլոբալ ճգնաժամի արարումը» գրքի հիմնական գաղափարները։ Դրանցից առավել հետաքրքրականները որոշ կրճատումներով՝ ստորև։
ԴՊՀ քանակական մեղմացման՝ 2009 և 2010 թթ. միջոցառումները հարկադրել են Չինաստանին նոր «յուաններ» տպել՝ դոլարի հետ փոխկապակցումը պահպանելու համար։ Այժմ Չինաստանը փոխարժեքի կապակցման մեխանիզմի միջոցով ԱՄՆ-ից գնաճ է ներկրում, մինչդեռ նախկինում Պեկինը գնանկում էր արտահանում Վաշինգտոն։
Արժութային պատերազմները նոր թափ են ստանում։ ԱՄՆ-ի Սենատը օրինագիծ է ընդունել արժույթների փոխարժեքները վերահսկող երկրների համար պատժամիջոցների մասին, որոնք հիմնականում ուղղված էին Չինաստանի դեմ։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի կենտրոնական բանկերը ռեկորդային ծավալով գումարներ են տպել՝ կա՛մ բացահայտորեն սեփական արժույթները թուլացնելու քաղաքականություն հետապնդելով, կա՛մ ստանալով փոխարժեքի իջեցում՝ որպես կողմնակի դրական ազդեցություն։ Մյուս կողմից՝ դեռ ոչ մի երկիր չի փրկվել փախուստի միջոցով։ Երկրները պայքարում են մրցակցային առավելության համար՝ հետճգնաժամային տնտեսական խնդիրները մեղմացնելու նպատակով։
Մենք վերապրում ենք վերջին հարյուր տարիների արժութային երրորդ պատերազմը, որի հետևանքներն այս անգամ կարող են ամենավատը լինել։ Արդյունաբերական զարգացած երկրները 20-րդ դարի արժութային դեվալվացիայի երկու արատավոր շրջան են հրահրել։
Արժութային առաջին պատերազմը 1921-1936 թթ. ոսկու ստանդարտի վերականգնումն ու անկումն էր, որը մեծ դեր խաղաց Մեծ դեպրեսիայի առաջացման գործում։ Արժութային երկրորդ պատերազմը դոլարը ոսկու հետ փոխկապակցելուց հրաժարումն էր, որն ավարտվեց տնտեսական ցնցումներով և հանգեցրեց 1970-ականների գնաճին։
Հետևելով «Կործանի՛ր հարևանիդ» ռազմավարությանը՝ ԱՄՆ-ը, եվրոպական երկրները, Չինաստանը և Ճապոնիան ցանկանում են թուլացնել իրենց արժույթները։ Այս քաղաքականության խոցելիությունն ակնհայտ է՝ բոլոր արժույթները միանգամից չեն կարող էժանանալ։ Ներկայիս ֆինանսական ճգնաժամը պետք է դիտարկել այս դիտանկյունից։ Քանակական մեղմացման քաղաքականությունը դոլարի թուլացմանն ուղղված «գաղտնի զենք» էր, որը, առաջին հերթին, ուղղված էր Չինաստանի դեմ։
Եթե անգամ ԴՊՀ-ն բարեհաջող կերպով թուլացրել է դոլարը, ապա այն որևէ կերպ չի աջակցել տնտեսությանը։ Գրքում հեղինակը մի շարք այլ օրինակներ էլ է բերում, սակայն դրանցում շատ են չհիմնավորված պնդումները, որոնց համաձայն՝ պետությունները նպատակուղղված կերպով փորձում են քայքայել ամերիկյան արժույթի դիրքերը՝ ավելի հարմար այլընտրանք փնտրելու փոխարեն, եզրափակում է The Financial Times-ը։
Civilnet











