Մերկոզին փրկության նոր ծրագիր է ներկայացրել
Եվրամիության երկրների բյուջեի դեֆիցիտը չի գերազանցի ՀՆԱ-ի 3%-ը, բանկերը խնդրահարույց երկրների պարտքերի համար պատասխանատվություն չեն կրի, Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կկարողանա ինքնուրույն քաղաքականություն վարել. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դեկտեմբերի 5-ին Փարիզում ներկայացրել են Եվրոպայի փրկության նոր ծրագիրը, որը ներառում է վերոնշյալ առաջարկները։
«Համաեվրոպական համաձայնագրերում փոփոխությունների ֆրանս-գերմանական ծրագրի աշխատանքներն ավարտված են։ Դրանց արդյունքները կարտացոլվեն գրավոր հայտարարության մեջ, որը դեկտեմբերի 7-ին կներկայացվի Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյին»,– ասել է Սարկոզին՝ հավելելով, որ Եվրոպայի քաղաքական գործիչների համար ներկայում գլխավոր խնդիրը առկա դիսբալանսների վերացումն է։
Սարկոզիի խոսքով՝ այլևս չի կարող շարունակվել այնպես, ինչպես մինչ այժմ էր։ Նա նշել է, որ Ֆրանսիայի և Գերմանիայի համար ամենաընդունելի տարբերակն այն կլիներ, որ ԵՄ համաձայնագրերի փոփոխությունները չվնասեին միության անդամ 27 պետություններից և ոչ մեկին։
Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ նախատեսվում է եվրոպական համաձայնագրերն այնպես փոփոխել, որ դրանք բյուջետային նորմերը խախտողների նկատմամբ պատժամիջոցների հնարավորություն ներառեն։ Բացի այդ՝ երկյակը պնդում է, որ եվրոպական հատուկ մարմինը կարողանա վերահսկել եվրոգոտու 17 պետությունների ազգային բյուջեները։
Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ հենց Փարիզն ու Բեռլինն էին առաջարկել ձևավորել «միջկառավարական Եվրոպա», որը ԵՄ երկրների համար ինքնիշխանության ու գործողությունների ավելի լայն հնարավորություններ կապահովեր։
Ինչ վերաբերում է ճգնաժամի լուծման գործում ԵԿԲ-ի դերին, Մերկոզին հավատարիմ է մնում նախկին դիրքորոշմանը, այն է՝ չմեկնաբանել ԵԿԲ որոշումները և պահանջներ չներկայացնել նրա մանդատի փոփոխության վերաբերյալ։
Մինչ այս պահը թվում էր, թե ոչինչ չի կարող ազդել Եվրոպայում Գերմանիայի և Ֆրանսիայի հեղինակության վրա։ Սակայն երեկ միջազգային վարկանշային Standard&Poor's գործակալությունը վերանայման ցուցակում է ընդգրկել եվրոգոտու 17 երկրներից 16-ի, այդ թվում՝ Ֆրանսիայի և Գերմանիայի վարկային վարկանիշները։ Չի վերանայվի միայն Հունաստանի վարկանիշը, որը դեռ հուլիսին իջեցվել է մինչև «աղբային» մակարդակ։
Փարիզը և Բեռլինն արդեն արձագանքել են գործակալության այս որոշմանը՝ վերահաստատելով եվրոյի կայունությունն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկելու իրենց պատրաստակամությունը։ Նշենք, որ ավելի վաղ քննարկվում էր միայն Ֆրանսիայի վարկային վարկանիշի իջեցման հնարավորությունը, և շուկաները գրեթե վստահ էին, որ վերանայումների ալիքը չի հասնի Եվրոպայի գլխավոր տնտեսությանը՝ Գերմանիային։
Նշենք նաև, որ Մերկոզիի հայտարարությունների ֆոնին եվրոպական միասնական արժույթի փոխարժեքը դեկտեմբերի 5-ին դոլարի նկատմամբ որոշակիորեն բարձրացել է՝ մինչև €/$1,3401՝ ուրբաթ օրվա €/$1,3390-ի դիմաց։ Երեկ նույնպես եվրոն շարունակել է ամրապնդել դիրքերը՝ €/$1,3410։
Civilnet











