Կապիտալիզմի ապագան՝ ըստ Քենեթ Ռոգոֆի
Հաճախ են հարցնում՝ արդյոք գլոբալ տնտեսական ճգնաժամը ժամանակակից կապիտալիզմի փլուզման սկիզբն է։ Այսօր գերակայող անգլո-սաքսոնական համակարգին այլընտրանք կարող են լինել կապիտալիզմի այլ ձևեր ևս։ Մայրցամաքային Եվրոպայի կապիտալիզմը, որը սոցիալական բարեկեցությունը համադրում է եկամուտների համեմատաբար արդար բաշխման հետ, կարծես իր մեջ անհրաժեշտ ամեն ինչ ունի՝ բացի կայունությունից։
Չինական դարվինյան կապիտալիզմը արևմտյանին կարող է այլընտրանք լինել միայն Չինաստանի վիթխարի չափերի և տնտեսական աճի բարձր ցուցանիշների պայմաններում, գրում է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Քենեթ Ռոգոֆը իր «Կայո՞ւն է արդյոք ժամանակակից կապիտալիզմը» հոդվածում։
Իրականում խնդիրն այն է, որ կապիտալիզմի բոլոր ձևերը, ինչպես ցույց է տվել պատմությունը, անցումային են։
Ժամանակակից կապիտալիզմը, որը բացառիկ երկար կյանք ունի, սկիզբ է առել երկու դար առաջ՝ արդյունաբերական հեղափոխությունից հետո։ Սրա հետ մեկտեղ, բավական անհաջող վիճակագրություն են արձանագրել մարքսիզմը և սոցիալիզմը։ Մյուս կողմից՝ Ասիայում գոյության համար մղվող պայքարը կդադարի առաջնահերթ խնդիր լինելուց՝ այս աշխարհամաս տեխնոլոգիական և արդյունաբերական առաջընթացի ներհոսքին զուգահեռ։ Վերջին այս դեպքում ժամանակակից կապիտալիզմի թերությունները սպառնալից չափերի կհասնեն՝ պայմանավորված մի շարք գործոններով։
Առաջին. անգամ առաջատար կապիտալիստական տնտեսությունները չեն կարողացել հանրային բարիքները, ինչպես օրինակ մաքուր օդը կամ ջուրը, գնահատել ըստ արժանվույն։ Կլիմայի փոփոխություններն արձանագրող գլոբալ նոր համաձայնագրի ստորագրման փորձերի ձախողումը կապիտալիստական համակարգի կաթվածահար լինելու ազդակ է։
Երկրորդ. կապիտալիզմը, չնայած կուտակած մեծածավալ հարստությանը, մի շարք անհավասարությունների հեղինակն է։ Հարստության մեծ ծավալները անհատներին և խմբերին հնարավորություն է տալիս գնել քաղաքական իշխանությունը և այդպիսով առավել մեծ հարստություններ տնօրինել։
Մյուս կարևոր խնդիրը բժշկական օգնության տրամադրումն է ու դրա ճիշտ բաշխումը։ Ընդ որում՝ այս խնդիրն աստիճանաբար սրվում է։ Հատկանշական է, որ շատ երկրներ ամենից շատ հենց առողջապահության շուկայում են լուծում բարոյական երկընտրանքը՝ ինչպես կազմակերպել ծառայությունների արդյունավետ տրամադրումն ու սպառումը։
Չորրորդ. ներկայիս կապիտալիստական համակարգն էականորեն թերագնահատել է ապագա սերունդների բարեկեցությունը։ Արդյունաբերական հեղափոխությունից ի վեր՝ յուրաքանչյուր հաջորդ սերունդը համեմատաբար բարեկեցիկ պայմաններ է ունեցել, քան նախորդը։ Սակայն Երկիր մոլորակի բնակչության աճի պայմաններում երաշխիք չկա, որ այս ավանդույթը կպահպանվի։
Հինգերորդ. արժեքների վերջին վերարժևորումը, ամենայն հավանականությամբ, հրահրվել է հենց ֆինանսական ճգնաժամի կողմից։ Ավելին՝ տեխնոլոգիական նորարարությունների տևական ներհոսքը դեպի ֆինանսական աշխարհ ոչ միայն չի նվազեցրել առկա ռիսկերը, այլև մեծացրել է դրանք։
Կապիտալիզմի բոլոր այս խնդիրները, ըստ էության լուծելի են։ Հարկահավաքման համակարգը պետք է բարեփոխվի այնպես, որ կարողանա ապահովել եկամուտների վերաբաշխման առավել արդյունավետ եղանակներ՝ ստվերային հարկերի կրճատման և հարկադրույքների նվազեցման միջոցով։ Ֆինանսական համակարգը ավելի արդյունավետ կկարգավորվի, եթե առավել մեծ ուշադրություն հատկացվի պարտքի՝ չափից ավելի մեծ կուտակումներին։
Կդառնա՞ կապիտալիզմը սեփական հաջողության զոհը։ Ներկայում, երբ կապիտալիզմի փլուզման թեման առավել արդիական է, այսպիսի պնդումներն անհավանական են թվում։ Սակայն շրջակա միջավայրի, առողջապահական համակարգի, սոցիալական անհավասարության խնդիրների, ֆինանսական անկայունության, ինչպես նաև կաթվածահար քաղաքական համակարգի պայմաններում կապիտալիզմի ապագան, ամենայն հավանականությամբ, նույնքան անվտանգ չի լինի, որքան այսօր է։
Civilnet











