Գլխավոր Լրահոս

Ղազախստանի համար պայքարը թեժանում է

Ղազախստանի համար պայքարը թեժանում է

Լոնդոնն ու Մոսկվան՝ հիմնական հավակնորդներ

Մոսկվայի միջբանկային արժութային բորսան (MICEX) Ղազախստանի ֆոնդային բորսային (Kazakhstan Stock Exchange, KASE) առաջարկել է դառնալ իր ռազմավարական գործընկերը։ Ղազախներն այսպիսի առաջարկ ստացել են նաև Լոնդոնի ֆոնդային բորսայից (London Stock Exchange, LSE), հաղորդում է բրիտանական Financial Times-ը։

Ղազախական խոշոր ընկերությունները նախընտրում են իրենց բաժնետոմսերը տեղաբաշխել ոչ թե տեղական, այլ արտերկրի բորսաներում՝ մասնավորապես Լոնդոնում։ Ըստ Ղազախա-բրիտանական առևտրարդյունաբերական խորհրդի նախագահ, Լոնդոնի նախկին քաղաքապետ Ջոն Ստատարդի՝ Լոնդոնի առևտրային հարթակում գրանցված օտարերկրյա ընկերությունների մեծ մասը ղազախական է։

Այս ավանդույթը խախտելու համար KASE-ն մշակել է բորսայի զարգացման երկամյա ռազմավարություն։ Այսպես՝ ղազախները մտադիր են արդիականացնել գործարքների համակարգը, ինչպես նաև օրենք ընդունել, որը ղազախական ընկերություններին կպարտադրի բաժնետոմսերի մինչև 20%-ը տեղաբաշխել տեղական բորսայում, ինչից հետո միայն նրանք իրավունք կունենա դուրս գալ արտերկրի առևտրային հարթակներ։

Բացի այդ՝ Ղազախստանի իշխանությունները հայտարարել են 2012-2015 թթ. «ժողովրդական IPO»-ի անցկացման մտադրության մասին, երբ ղազախստանցիներին կառաջարկվի գնել առավել խոշոր պետական ընկերությունների բաժնետոմսեր և դառնալ նրանց բաժնետեր։ Ակնկալվում է, որ այս քայլը նոր ազդակ կհաղորդի Ղազախստանում արժեթղթերի շուկայի զարգացմանը և օտարերկրյա նոր գործընկերների ներգրավմանը։

Սկզբնապես այս IPO-ին ղազախական 400 պետական ընկերություններից կմասնակցի տասը։ Նախատեսվում է, որ 2012թ. առաջին կիսամյակում տեղաբաշխմանը կմասնակցեն նավթավերամշակող «ԿազՏրանսՕյլ» ընկերությունը, ղազախական ազգային ավիափոխադրող «Էյր Աստանա»-ն և էլեկտրացանցերի ազգային օպերատոր KEGOC-ը, իսկ 2013թ.՝ գազի տարանցման «ԿազՏրանսԳազ»-ը, լցանավերով նավթի փոխադրման «Կազմորտրանսֆլոտ»-ը և մի շարք այլ ընկերություններ։ Ղազախական ազգային նավթագազային «ԿազՄունայԳազ» և ազգային ատոմային «Կազատոմպրոմ» ընկերությունների բաժնետոմսերի տեղաբաշխումը նախատեսված է 2015թ.։ Ակնկալվում է, որ ժողովրդական IPO-ին կմասնակցի 160 հազ. ֆիզիկական անձ։

Ինչպես MICEX-ի, այնպես էլ LSE-ի առաջարկները ղազախական բորսային ներկայացվել են հենց այս ռազմավարության շրջանակում։ Ըստ KASE-ի գործադիր տնօրեն Կադիրժան Դամիտովի՝ իր գլխավորած կառույցը, բացի MICEX-ից և LSE-ից, առաջարկներ ստացել է այլ ընկերություններից ևս։ Դամիտովը, չհստակեցնելով, թե կոնկրետ որ ընկերությունների մասին է խոսքը, նշել է, որ Լոնդոնի հետ առավել լայն գործակցության մասին բանակցությունները նախնական փուլում են։

Լոնդոնի հիմնական մրցակիցը MICEX-ն ու Ռուսական առևտրային համակարգն են (RTS), որոնք միավորվելու են մինչ այս տարեվերջ։ Ռուսաստանը մտադիր է սերտացնել կապերը հարևան, մասնավորապես Մաքսային միության անդամ երկրների կապիտալի շուկայի հետ։ Ըստ Դամիտովի՝ առաջարկներից յուրաքանչյուրն ունի իր թերությունները՝ պայմանավորված տեխնիկական, իրավական, ռազմավարական և քաղաքական մի շարք գործոններով։

Ռուսական բորսայի դիրքերի ամրապնդումը ղազախականի հաշվին, Լոնդոնի համար, առաջին հերթին, մրցակցային սպառնալիք է։ Մյուս կողմից՝ եթե Մոսկվայի համար KASE-ի հետ գործընկերությունը իր ներուժի ամրապնդմանն ուղղված քայլ է, Լոնդոնը նպատակ ունի առավելապես պաշտպանել իր շուկայական դիրքերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում