Ռոմպեյը՝ Մերկոզիի գաղափարական հակառակորդ
Պարտքային ճգնաժամի հաղթահարման համար ԵՄ համաձայնագրերի փոփոխության անհրաժեշտություն միգուցե չլինի, քանի որ եվրոգոտու պարտքային խնդիրների թեթևացման միջոցառումները կարող են իրագործվել նաև առանց այդ փոփոխությունների։
Այսպիսի տեսակետ է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը։ Նա առաջարկում է բյուջետային միջոցառումների «արագացված» փաթեթ, որը խորհրդարանների և ազգային հանրաքվեների երկարատև հաստատման կարիքը չի ունենա։
Ռոմպեյի խոսքով՝ իր առաջարկները կարագացնեն բարեփոխումները և կվերացնեն քաղաքական հնարավոր խոչընդոտները։ Նրա առաջարկներից մի քանիսը համընկնում են Փարիզի և Բեռլինի գաղափարներին, որոշները՝ ոչ։ Մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահն առաջարկում է, որ եվրոգոտու երկրների բյուջեի դեֆիցիտը չգերազանցի ՀՆԱ-ի 3%-ը, իսկ պետպարտքի չափը՝ ՀՆԱ-ի 60%-ը։
«Ոսկե կանոն»-ը, որը միջնաժամկետ հեռանկարում կերաշխավորի բյուջեի հավասարակշռությունը, պետք է ամրագրվի ազգային օրենսդրություններում։ Եվրոգոտու երկրների աջակցության հիմնադրամին պետք է բանկային արտոնագիր տրամադրել, որը թույլ կտա պարտք վերցնել հենց Եվրոպական կենտրոնական բանկից (ԵԿԲ)։ Եվրահանձնաժողովը ավտոմատ կերպով խիստ միջոցառումներ նախաձեռնելու իրավունք պետք է ունենա՝ ճգնաժամում հայտնված երկրների տնտեսություններին օգնելու համար։
Մյուս կողմից՝ Ռոմպեյը խոստովանում է, որ ավելի երկարաժամկետ ծրագրերն ի վերջո կարող են հանգեցնել ԵՄ պայմանագրերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը։ Նրա կարծիքով՝ այդպիսի միջոցառումները կարող են հանգեցնել նաև նրան, որ եվրոգոտու անդամ չհանդիսացող որոշ երկրներ, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, ավելի մեծ մեկուսացման մեջ հայտնվեն։ Նշենք, որ ի տարբերություն Ռոմպեյի՝ Գերմանիան և Ֆրանսիան կողմ են ԵՄ պայմանագրի դրույթների փոփոխմանը։ Այս հարցում նրանց աջակցում է ԱՄՆ-ը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել էր, թե ինքը չի ստորագրի ԵՄ պայմանագրի լրամշակված տարբերակը, եթե այն չերաշխավորի բրիտանացի ներդրողների պաշտպանությունը։ Նրա խոսքով՝ պաշտպանության կարիք ունի Մեծ Բրիտանիայի ինչպես միասնական շուկան, այնպես էլ ֆինանսական հատվածը։
ԵՄ հիմնարար պայմանագրում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է միության 27 անդամ պետությունների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի համաձայնությունը։
Ի դեպ՝ այսօր Բրյուսելում մեկնարկում է ԵՄ գագաթաժողովը, որը կդիտարկի Փարիզի և Բեռլինի համատեղ առաջարկը՝ հօգուտ եվրոգոտու 17 երկրների ֆինանսական ավելի սերտ ինտեգրման։ Մերկոզիի (Մերկել և Սարկոզի) ծրագրի համաձայն՝ ԵՄ երկրների բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 3%-ը, բանկերը խնդրահարույց երկրների պարտքերի համար այլևս պատասխանատվություն չեն կրի, իսկ ԵԿԲ-ն հնարավորություն կստանա ինքնուրույն քաղաքականություն վարել։
Civilnet











