Եվրոպան վճռական քայլեր է ձեռնարկում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։ Երեկ Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) բազային տոկոսադրույքը իջեցրել է 0,25-տոկոսային կետով՝ մինչև 1%։ Սա 2009թ. մայիսին սահմանված ռեկորդային նվազագույն ցուցանիշի վերահաստատումն է։Ֆրանկֆուրտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին հայտարարել է, թե ճգնաժամի դեմ պայքարի ծրագրի շրջանակում բանկը մտադիր է մի շարք ոչ ստանդարտ միջոցառումներ իրականացնել, հաղորդում է Bloomberg-ը։
ԵԿԲ նախագահի խոսքով՝ եվրոգոտու բանկերին եռամյա վարկեր կտրամադրվեն՝ անհամեմատ դյուրին և պարզեցված պայմաններով։ Գործնականում ԵԿԲ-ն եվրոպական բանկերին անսահմանափակ քանակությամբ կանխիկ միջոցներ է խոստանում։ Ըստ Դրագիի՝ եվրոգոտում գնաճային ռիսկերը շարունակում են մնալ հավասարակշռված։
Ի դեպ՝ ճգնաժամից հետո ԵԿԲ-ն հիմնական տոկոսադրույքն առաջին անգամ բարձրացրել էր այս տարվա հուլիսին։ Հատկանշական է, որ ԵԿԲ-ն արդեն երկրորդ ամիսն անընդմեջ իջեցնում է տոկոսադրույքը։ Փորձագետները չեն բացառում, որ ԵԿԲ-ն բազային տոկոսադրույքը կրկին կիջեցնի միջբանկային վարկավորման շուկան խթանելու և ռեցեսիայի դեմ պայքարելու նպատակով։
Civilnet











