Նոր չափանիշներ ամերիկյան բանկերի համար
ԱՄՆ-ի խոշորագույն բանկերի կապիտալիզացիայի գնահատման ժամանակ այսուհետ վարկային վարկանիշները կարող են հաշվի չառնվել։ Ինչպես գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը, նախօրեին այսպիսի առաջարկ են ներկայացրել ԱՄՆ-ի Դեպոզիտների ապահովագրության դաշնային կորպորացիան, Դաշնային պահուստային համակարգը և Գումարային շրջանառության վերահսկողության գրասենյակը։
Ներկայում բանկերը կապիտալի ծավալների գնահատման համար պարտավոր են օգտագործել պարտքային գործիքների վարկային վարկանիշները, որոնք հիմնականում շնորհում են միջազգային երեք խոշորագույն գործակալությունները՝ Moody's Investors Service-ը, Standard&Poor's-ը և Fitch Ratings-ը։
Հատկանշական է, որ գործակալությունների երբեմն սխալ վարկանշումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Խնդրահարույց հիփոթեքային պարտատոմսերին բարձր վարկանիշների շնորհումը հանգեցրեց վերջին հիփոթեքային ճգնաժամին։ Դրան հաջորդեց Դոդ-Ֆրենկի օրենքի ընդունումը, ըստ որի՝ կարգավորիչները պետք է բացառեն վարկանիշների օգտագործման վերաբերյալ պահանջը։
Սկզբնական շրջանում նոր պահանջը կվերաբերի ԱՄՆ-ի 30 խոշորագույն բանկերին միայն, որոնց՝ վաճառքի ենթակա ակտիվները առնվազն $1 մլրդ են կազմում։ Հետագայում նոր կանոնները կտարածվեն նաև մյուս բանկերի վրա։
Փորձագետների կարծիքով՝ նոր օրենքը ընդհանուր առմամբ կթուլացնի վարկանիշների նշանակությունը ֆինանսական ողջ համակարգի համար։ Նրանք ընդգծում են այն հանգամանքը, որ ներդրողները ևս սկսել են նվազ ուշադրություն դարձնել վարկանիշներին։
Civilnet











