Կիևում պահուստային ևս մեկ արժույթ է հայտնվել
Ռուսական ռուբլին Ուկրաինայում պահուստային արժույթի է վերածվել։ Երկրի Ազգային բանկն այսպիսի որոշում է կայացրել՝ մտադրվելով ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարել ռուբլով։ Ուկրաինան, այդուհանդերձ, չի բավարարվելու այսքանով, գրում է ռուսական «Վզգլյադ» պարբերականը։
Ուկրաինայի արժութային պահուստներն ԱՄՆ-ի դոլարով են, եվրոյով, ֆունտ ստեռլինգով և ճապոնական յենով։ 2012թ. նրանց կմիանա ռուսական ռուբլին։ Ըստ Ուկրաինայի Ազգային բանկի՝ պահուստային քաղաքականության տեսանկյունից արդյունավետ չէ տնտեսության հումքային ոլորտում ուկրաինական արժույթի օգտագործումը՝ հաշվի առնելով դրա հետ կապված ռիսկերը։
Ազգային բանկի ղեկավար Սերգեյ Արբուզովի խոսքով՝ Ուկրաինան մտադիր է 2012թ. ռուսական ռուբլու շրջանառությունը հասցնել $10 մլրդ-ին համարժեք ծավալի։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը ներկայում $50 մլրդ է։ Արբուզովն արժութային պահուստներում ռուբլին ներառելու անհրաժեշտությունը պայմանավորել է ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ, ըստ որի՝ գազի մատակարարումների դիմաց փոխհաշվարկները կարող են կատարվելու նաև ռուբլով։
Նշենք, որ անցած շաբաթ Ռուսաստանն ու Ուկրաինան լրացուցիչ համաձայնագիր ստորագրեցին, որը ուկրաինական «Նեֆտոգազ»-ին հնարավորություն է տալիս ռուսական գազի դիմաց վճարել նաև ռուբլով։ Սրանից երկու օր անց Ուկրաինան Մոսկվային վճարեց գազի նոյեմբերի մատակարարումների դիմաց։
Այդուհանդերձ, Ուկրաինան հազիվ թե արժութային պահուստներում դոլարը վերածի ռուբլու։ Ռուսական գազի դիմաց վճարվելիք ռուբլիները պետությունը ներգրավելու է ներքին շուկայից՝ ուկրաինական ընկերությունների կողմից ռուբլով վարկերի ներգրավման, ռուսական ընկերությունների ներդրումների, հետագայում նաև սվոփների հաշվին, պարզաբանել են Ազգային բանկում։
Հատկանշական է, որ Ուկրաինայի արժութային պահուստները շարունակում են նվազել։ Այսպես՝ Ուկրաինայի վիճակագրության պետական ծառայության անցած շաբաթ հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա նոյեմբերին դրանք նվազել են 5,1%-ով ($1,754 մլրդ-ով)՝ կազմելով $32,408 մլրդ։ Ընթացիկ տարվա 11 ամիսներին, ընդհանուր առմամբ, արժութային պահուստների ծավալը նվազել է 6,3%-ով ($2,168 մլրդ-ով)։
Ռուբլով փոխհաշվարկի շահավետությունը կողմերի համար միանշանակ չէ, հատկապես երբ գազի մատակարարումների դիմաց պայմանագրերի մեծ մասը ստորագրված է դոլարով։ Բացի այդ՝ ռուբլին դժվար կանխատեսելի արժույթ է, բարձր է նրա արժեզրկման հավանականությունը։
Ոչ իրատեսական է թվում նաև ներքին շուկա ռուսական արժույթի «մատակարարման» Ուկրաինայի Ազգային բանկի սցենարը՝ ուկրաինական ընկերությունների կողմից ռուբլով վարկերի ներգրավման հաշվին։ Այսպիսի վարկերը շահավետ կլինեն ուկրաինական միայն այն ընկերությունների համար, որոնք ապրանքներ են արտահանում Ռուսաստան։
Նշենք, որ Մոսկվան Կիևի առևտրային հիմնական գործընկերը չէ, իսկ Ռուսաստանի հետ առևտրային սալդոն բացասական է։ Մյուս կողմից՝ Ուկրաինայում ռուբլին պահուստային արժույթի վերածելը Մոսկվային ձեռնտու է այնքանով, որքանով այն ռուբլին դարձնում է ԱՊՀ-ում տարածաշրջանային արժույթ։
Civilnet











